
Ինչպե՞ս է ազդում էկրանի առջև անցկացրած ժամանակը երեխաների ուղեղի վրա․ հարցն ավելի բարդ է, քան թվում է
Համացանցը և համակարգչային խաղերը կարող են վնասել դեռահասների ուղեղը․ մասնագետները, սակայն, համակարծիք չեն այս հարցի շուրջ։
Խաղադրույքները բարձր են։ Եթե համակարգչային խաղերն իսկապես վնասում են երեխաներին, տարիներ կարող են անցնել, մինչև գիտությունը կարողանա ապացուցել դա։ Իսկ եթե ի վերջո բացահայտվի, որ դրանք որևէ վնաս չեն հասցնում, կպարզվի, որ ծնողները փորձել են երեխաներին հեռու պահել մի բանից, որը կարող էր նաև չափազանց օգտակար լինել․ գրում է BBC–ն։
Աշխարհի տարբեր համալսարաններից 14 հեղինակներ վերլուծել են 2015-2019 թվականներին հրապարակված 33 ուսումնասիրություն: Նրանք պարզել են, որ սմարթֆոնները, սոցիալական ցանցերը և տեսախաղերը, «փոքր դեր են խաղացել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առաջացման գործում»:
Հոգեբանության պրոֆեսոր Փիթ Էթչելսը, հղում անելով մեկ այլ բժշկի կատարած ուսումնասիրությունների, նշում է, որ երիտասարդների շրջանում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառը հաճախ միայնությունն է, այլ ոչ թե էկրանի առջև անցկացրած ժամանակը։
Շատերը, սակայն, այլ կարծիքի են։ Որոշ մասնագետներ կոչ են անում ծնողներին երեխաներին հեռու պահել սմարթֆոններից հնարավորինս երկար ժամանակ։
«Երեխաների ուղեղն ավելի զարգացած և հասուն է 16 տարեկանում։ Ե՛վ դպրոցում և՛ ընկերական խմբերում սոցիալական միջավայրը շատ ավելի կայուն է 16 տարեկանում, քան 12 տարեկանում», – պնդում է Սան Դիեգոյի պետական համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջին Թվենջը:
Հարցը բարդ է այնքանով, որ բավարար գիտական տվյալներ չկան վերջնական եզրակացություն անելու համար։ Առանց սահմանված ուղեցույցների, առաջանում է պառակտում հասարակության մեջ, որտեղ կան երեխաներ, որոնք չափահաս տարիքում արդեն իսկ տեխնոլոգիական առումով հմուտ են, և երեխաներ, որոնք այդպիսին չեն և, թերևս, դրա հետևանքով ավելի խոցելի են։