
Էրդողանը կայցելի Կատար՝ Իսրայելի հարվածներից հետո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 14-15-ը պաշտոնական այցով կմեկնի Կատար. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշենք, որ Իսրայելի կողմից Կատարին հասցված հարվածներից հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում նա հայտնել է Թուրքիայի աջակցությունն այդ երկրին։
Սեպտեմբերի 9-ին Դոհայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ։ Կարճ ժամանակ անց Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները՝ Գլխավոր անվտանգության ծառայության աջակցությամբ և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ, հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին։ Կատարի վարչապետի խորհրդական և Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին հաստատել է, որ հարձակման համար պատասխանատու է Իսրայելը։
Ըստ էմիրության Ներքին գործերի նախարարության՝ հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից, իսկ մի քանիսը վիրավորվել են։ Նախարարությունը շեշտել է, որ Դոհայում իրավիճակը շարունակում է անվտանգ մնալ։