
Անվտանգային ու ռազմական սպառնալիքները ՀՀ-ի նկատմամբ շատ ցածր են. ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ անվտանգային ու ռազմական սպառնալիքները շատ ցածր են և դա մեծամասամբ պայմանավորված է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններով։
«Մի քանի ամիսների համեմատությամբ կարող ենք ասել, որ դրանք շատ ցածր են, բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ, իսկ դրանք չպետք է թերագնահատել, որովհետև ժողովրդավարությունը մեր շարժման տեմպն ու ռեժիմն է: Պիտի տեսնենք և հասցեագրենք այդ սպառնալիքները մեր ամենօրյա աշխատանքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե ո՞ր երկրից են գալիս այդ սպառնալիքները, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց.
«Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ դերակատարից, դրանք, որպես կանոն գալիս են մի քանի պետությունից՝ համակցված կամ առանձին առանձին։ Կարող եմ վստահ պնդել՝ չկա որևէ պետություն, որի ժողովրդավարության, կառավարման կարգի կամ անվտանգության վերաբերյալ սպառնալիքները գալիս են մեկ պետությունից, և Հայաստանը բացառություն չէ»,-ասել է Գրիգորյանը: