Արցախի ԱԺ նորընտիր նախագահը հարգանքի տուրք է մատուցել առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին
Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին, տեղեկանում ենք Արցախի խորհրդարանի պաշտոնական էջից։
Խորհրդարանի նախագահ Իշխանյանին ուղեկցել են Արցախի ԱԺ նախկին նախագահներ Գեորգի Պետրոսյանը, Աշոտ Ղուլյանը, Արթուր Թովմասյանը և խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարները։
«Անկախ Արցախի պետականության կերտման առաջին իսկ օրերից, շնորհիվ իմ կուսակցական ընկեր Արթուր Մկրտչյանի, հիմք է դրվել բարոյականության սկզբունքների վրա հիմնված քաղաքականությամբ պետականություն կերտելուն: ԱՀ նախագահի կողմից ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը և քաղաքական գործընկերների հորդորը ստանալուց հետո, առաջին հերթին հենց այդ մտատանջությամբ եմ տառապել՝ արդյոք կկարողանամ պահպանել Արթուր Մկրտչյանի սահմանած բարոյական արժեքների նշաձողը»,- նույն օրը գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում հնչեցրած ելույթի ընթացքում ասել է Դավիթ Իշխանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը: