
Էրդողանը խոսել է Պաղեստինի ճանաչման, Սիրիային մենակ չթողնելու և Լիբիայի ինքնիշխանության մասին
Թուրքիան իր զորակցությունն է հայտնում «եղբայրական Կատարին և Պաղեստինի ժողովրդին»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից վերադառնալուց հետո:
«Ես վստահ եմ, որ արևմտյան երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը՝ որպես պետություն, Իսրայելին ավելի անելանելի վիճակում կդնի»,- նշել է թուրք առաջնորդը։
Էրդողանի խոսքով՝ «Թուրքիան ցանկացած պարագայում կշարունակի մնալ պաղեստինյան պայքարի դրոշակակիրը»։
Նա նաև անդրադարձել է Սիրիային։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երբեք միայնակ չի թողնի Սիրիային։ Երկրի արտաքին գործերի նախարարը և հետախուզության ղեկավարը սերտ երկխոսության մեջ են Սիրիայի հետ։ «Հիմա նոր դարաշրջան է սկսվում։ Բայց, ինչպես գիտեք, Իսրայելը ճնշում է գործադրում Սիրիայի վրա հարավից», – նշել է Էրդողանը:
«Նրանք գործում են «բաժանիր և տիրիր» սկզբունքով՝ փորձելով որոշակի օգուտ քաղել դրանից։ Այս ամենի հետ մեկտեղ՝ Սիրիայում կա կառավարություն, որն առաջնահերթություն է տալիս ներառականությանը։ Սա փոխել է ուժերի հավասարակշռությունը Սիրիայում, և հիմա կան մարդիկ, որոնք չեն կարող դա ընդունել»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Նա անդրադարձել է նաև Լիբիային՝ ընդգծելով․ «Մենք անհրաժեշտ ենք համարում Լիբիայի Արևելքի և Արևմուտքի միջև կառուցողական երկխոսություն հաստատելը։ Մենք ցանկանում ենք պահպանել Լիբիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական միասնությունը։ Մենք քայլեր ենք ձեռնարկում այդ նպատակներին համապատասխան»։