
Սահմռկեցուցիչ, մերժելի, անընդունելի տեսարան էր․ թատերագետի արձագանքը՝ Փաշինյանի այցին
Հայ թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Արծրունին անդրադարձել է «ՀանդԱրտ» թատրոն Փաշինյանի այցին, որի ընթացքում նրա և դերասան Մկրտիչ Արզումանյանի զրույցը քննադատության ալիք էր բարձրացրել։
Արծրունու խոսքով՝ վարչապետը հաստատ մի ժամանակ երազել է թատերագետ դառնալ և չի ստացվել։ Ուշացել է, դար է փոխվել, փոխվել են թատերագիտական մոտեցումները, սկզբունքները։ Վարչապետի պատկերացումները հնում են մնացել, ասենք՝ ստալինյան կամ խորհրդային ժամանակներում։
«Քննադատն այլևս գրաքննիչ չէ, ոչ էլ դերասանից հաշվեհարդար տեսնողը, կամ նրա լինել, թե չլինելու վճիռ կայացնողը և ոչ էլ իր խոսքից շոու սարքողը։ Թատերագետը լայնախոհ անձ է, թատրոնի պրոֆեսիոնալ, ով առաջին հերթին հստակ տարանջատել գիտի գեղարվեստական գրականության ուղերձները դերասանական ու ռեժիսորական մեկնաբանությունից և իր սեփական «իղձերից» ու պատկերացումներից։
Անհամոզի՞չ է խաղը կամ ռեժիսորական մեկնությունը, դասականի ուղերձները չե՞ն կարողացել տեղ հասցնել, սա այլ բան է, խոսենք, վերլուծենք, խորհուրդ տանք սիրելով։ Բայց եթե գրական երկի բովանդակությունը «քննադատի» սրտով չէ, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունի գրաքննության ենթարկելու ստեղծագործության կերպը կամ ստեղծագործողին։ Կամ պարտադրի թատերական գործչին, որ կամայականորեն խմբագրի դասականի երկը»,-գրել է Արծրունին:
Նրա խոսքով՝ դերասանի մասնագիտությունը աշխարհում ամենաբարդերից Է, ուրեմն որքան մեծ պատասխանատվությամբ, հոգածությամբ, խնամքով, պատրաստվածությամբ պետք է գալ նրա ստեղծածի մասին խոսելու։
«Սահմռկեցուցիչ, մերժելի, անընդունելի տեսարան էր տեղի ունեցածը։ Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված, նկարահանող խմբով, թամաշա անողների ու գլուխը հեզաբար տմբտմբացնողների թիմով։ Ասելիքը նախապես պարապած՝ ներկայիս իր պատկերացումների համատեքստում քաղաքական պրիզմայով ստեղծագործության հայրենասիրական ուղերձները մերժելու, ամեն բան «իրական Հայաստանի գաղափարախոսությանը» ենթակայեցնելու կրքով բռնկված։ Ոգևորվածության մեջ իրեն մի պահ պատկերացրել էր միջնադարյան ինկվիզիտորի, անգլիական պուրիտանների, Եկատերինա 2-րդի, Գլավլիտի ղեկավարի, Գեբելսի, Ֆրանկոյի, Ստալինի փոխարեն։ Իրականում հավանաբար ոգևորված էր արվեստի ուժով, ներկայացումից ծնված էմոցիաներով, որոնք սխալ տեղ էր ուղղորդում՝ կանխակալ տրամադրվածության բերումով»,-գրել է Արծրունին:
Արձակագրի խոսքով՝ ներկայացումից դեռ ուշքի չեկած, մտքով դեռ իրենց կերպարներին ապրումակցող տեղծագործական խմբին նվաստ վիճակի մեջ էր դրել, ինչը ամենատգեղն էր։
«Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը։ Փոխարենը հենց պետական լծակներով խթանեք քննադատության զարգացումը, ստեղծեք հարթակներ մասնագիտական անաչառ քննադատության դրսևորման համար, քանի որ առանց պրոֆեսիոնալ, առողջ քննադատության ամեն բան հետընթաց է ապրում ու մի օր հանգում գրաքննության»,-գրել է Արծրունին:
Թատերագետի դիտարկմամբ՝ «ՀանդԱրտ»֊ն այն եզակի թատրոններից է, որը կարճ ժամանակում մշակութային երևույթ է կայացրել։ Չունենալով որևէ տեսակի հովանավորություն, կախված չլինելով պետական ֆինանսավորումից, միմիայն հանդիսատեսի սիրո շնորհիվ նրանք արդեն ամուր խաղացանկ են ձևավորել, հասցրել են ճանաչվել։ Նրանք ազատություն ունեն խաղալու և բեմադրելու սրտի ուզածը, սա ԱՆԿԱԽ թատրոն է։ Սա չի նշանակում, թե պետական թատրոնների բեմադրիչները պետք է կաշկանդված լինեն ինչ֊ինչ հանգամանքներով։ Արվեստը սահմաններ չի ճանաչում, արվեստում ցանկապատեր չկան։