
Օլեգ Գազմանովն իր բոլոր խնայողությունները փոխանցել է խարդախության համար մեղադրվող Գևորգ Սարգսյանին. փաստաբան
Ռուս երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության համար մեղադրվող Գևորգ Սարգսյանին է տվել իր խնայած ամբողջ գումարը․ РИА Новости–ին ասել է Գազմանովների ընտանիքի փաստաբան Ռոման Կուզմինը:
«2019 թվականին Օլեգ Միխայլովիչը վարկ է տրամադրել Սարգսյանին, ինչպես նաև նրա կինը՝ Մարինա Անատոլիևնան։ Հատկանշականն այն է, որ սա այն ամբողջ գումարն էր, որն Օլեգ Միխայլովիչը պահել էր թոշակի համար»,- ասել է Կուզմինը։
Ըստ նրա՝ 2016 թվականին Սարգսյանն սկսել է ինտեգրվել Գազմանովների ընտանիքի շրջանակում՝ փորձելով դրական կերպար ստեղծել։
«Ըստ էության, նա օգտվել է այդ հարաբերություններից և ստացել է գումարը։ Մեկ տարի անց նրանք պահանջել են գումարը վերադարձնել, բայց Սարգսյանն ասել է, որ փող չկա։ Անհասկանալի է, թե որտեղ է նա (Սարգսյանը – խմբ.) ներդրել այն»,- բացատրել է փաստաբանը։
Նշվում է, որ Սարգսյանը Ռուսաստանի քաղաքացի է, բայց վերջին տարիներին ապրում է Միացյալ Նահանգներում։ Նա այնտեղ ունի ընտանիք, տուն, սեփականություն։
Գազմանով ընտանիքն ավելի ուշ գլխի է ընկել, որ իրենց խաբել են, և որոշել է բողոք ներկայացնել Ռուսաստանի քննչական կոմիտե։