
«Տիտանիկի» քույր նավից՝ «Բրիտանիկից», 109 տարի անց հայտնաբերվել են անսովոր արտեֆակտներ
Մեկ դար անց առաջին անգամ սուզորդները ջրի մակերես են դուրս բերել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Էգեյան ծովում խորտակված «Բրիտանիկ» նավի մնացորդները․ գրում է Euronews-ը։
«Բրիտանիկը» «Տիտանիկի» քույր նավն է համարվում։
Հունաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ 11 հոգուց բաղկացած խորջրյա սուզորդական խումբը մայիսին մեկ շաբաթ տևած գործողություն է իրականացրել՝ արտեֆակտները վերականգնելու համար։
Հայտնաբերված իրերի թվում էին դիտակետի զանգը, նավիգացիոն լամպը, արծաթապատ սկուտեղներ, թուրքական բաղնիքի կերամիկական սալիկները, ուղևորների հեռադիտակը և ճենապակյա լվացարան։
Արտեֆակտները այժմ պահպանվում են Աթենքում և կներառվեն Պիրեյի նավահանգստում կառուցվող ստորջրյա հնությունների նոր թանգարանի մշտական հավաքածուում։
«Բրիտանիկը» սկզբնական շրջանում գործել է որպես մարդատար շոգենավ, այնուհետև որպես հիվանդանոցային նավ, սակայն 1916 թվականի նոյեմբերի 21-ին, Լեմնոս կղզի ուղևորվելիս, այն բախվել է ականի և խորտակվել Աթենքից հարավ-արևելք գտնվող հունական Կեա կղզու մոտ։