Այսօր ծննդյան 52-րդ տարեդարձն է նշում շախմատի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի
փոխչեմպիոն, աշխարհի պատանեկան և երիտասարդական չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում
օլիմպիական եռակի չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը։
Վլադիմիր Հակոբյանի ճակատագրում շատ ընդհանրություններ կան աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի
Կասպարովի հետ.Վլադիմիրը ծնվել և ապրել է Բաքվում, մանկուց տարվել է ֆուտբոլով, սիրում
է հանգստանալ Զագուլբայում, վաղ տարիքում հրավիրվել է Բոտվիննիկի հայտնի դպրոց:
Հակոբյանին խաղալ սովորեցրել է հայրը։ դասերը իզուր չէին. Վլադիմիրը հաղթեց մինչև
16 տարեկան աշխարհի առաջնությունում, ապա՝ մինչև 18 տարեկանների առաջնությունում:
Շուտով հայկական հեռուստատեսությունը
հյուրընկալվեց Բոտվիննիկ-Կասպարովի անվան դպրոցում։ Պատասխանելով հարցին, թե արդյոք
Հակոբյանը կարո՞ղ է դառնալ աշխարհի չեմպիոն, Միխայիլ Մոիսեևիչը դրական է պատասխանել,
բայց վերապահումով, որ երիտասարդ տաղանդը պետք է շատ կաշխատի, ինչպես դա անում էր Կասպարովը։
«Բոտվիննիկ-Կասպարով դպրոցում 12 հոգի էինք, տարին երկու անգամ դասաշրջաններ էին անցկացվում։
Դպրոցը սկսել է գործել, եթե չեմ սխալվում, 1986 թվականին՝ Կասպարովի աշխարհի չեմպիոն
դառնալուց հետո։ Երեք աղջիկ կային՝ Սոֆիևան, Վելիխանլին (իմ համաքաղաքացիները, ես այդ
ժամանակ ապրում էի Բաքվում) և Ջանջգավան, հետագայում՝ Գալիամովան, տղաներից՝ Կրամնիկը,
Շիրովը, Սերպերը, Ալտերմանը, Լանդան, Ռուբլևսկին, Սակաևը, Օրատովսկին, ես, ավելի ուշ՝
Ուլիբինը․ մի խոսքով այն երիտասարդները, ովքեր այն ժամանակ լավագույնն էին ԽՍՀՄ-ում», – պատմել է Հակոբյանը։
1991 թվականին Վլադիմիրը դարձավ շախմատի արքայազն՝ աշխարհի պատանիների չեմպիոն։ Վլադիմիր
Հակոբյանը հասցրել է հանդես գալ ԽՍՀՄ վերջին առաջնությունում, իսկ Միության փլուզումից
հետո 2600-ից բարձր վարկանիշով դարձել է իր հանրապետության լավագույն գրոսմայստերներից
մեկը։
Հայաստանի կրկնակի
չեմպիոն, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի փոխչեմպիոն իր երկրի
հավաքականի կազմում։ Եվրագավաթակիր «Երևան» թիմի կազմում, Եվրոպայի լիգայի երկրորդ
մրցանակակիր «Միկա» եւ «Ուրալ» թիմերի կազմում։
Պարգևատրվել է Մովսես
Խորենացի մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
և Պատվո շքանշանով։ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ։
1999 թվականին Վլադիմիր
Հակոբյանը առանց պարտության դուրս եկավ ՖԻԴԵ-ի նոկաուտ համակարգով անցկացվող աշխարհի
առաջնության եզրափակիչ՝ հաջորդաբար մրցաշարից դուրս թողնելով Չիբուրդանիձեին, Բարեևին
և Գեորգիևին, Մովսեսյանին և Ադամսին, սակայն վճռորոշ խաղում պարտվեց Խալիֆմանին։
2001 թվականի «Դարի խաղի» մասնակից է։ Այստեղ Վլադիմիրը ընդամենը երեք խաղ անցկացրեց,
սակայն դրանցից մեկում հաղթեց Գարրի Կասպարովին։
Եղել է Պետեր Լեկոյի խորհրդականն ու մարտավկան Վլադիմիր Կրամնիկի դեմ խաղում։
2005 թվականին նա սխալմամբ
ձերբակալվել է Դուբայի օդանավակայանում՝ որպես Ինտերպոլի կողմից հետախուզվող մարդասպանի
անվանակից: Գրոսմայստերն ազատ է արձակվել միայն Հայաստանի արտգործնախարարության միջամտությունից
հետո։
Ջիբրալթարում շվեյցարական համակարգի խոշորագույն մրցաշարի հաղթող (2007 թ.): Գրոսմայստերի
առավելագույն վարկանիշը 2000-ականների կեսերին գերազանցել է 2700-ը։
Դասական խաղերում նա
ունի 1,5:1,5 հաշիվ ընդդեմ Գարի Կասպարովի բ, 3,5:3,5՝ ընդդեմ Վլադիմիր Կրամնիկի,
1,5:0,5՝ ընդդեմ Անատոլի Կարպովի։ Վիշվանաթան Անանդը աշխարհի միակ չեմպիոնն է, ով առավելություն ունի
հայ գրոսմայստերի նկատմամբ անձնական խաղերում՝ 3:1:
2014 թվականին Հակոբյանը
հրաժարվել է Տրոմսոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում պայքարից՝
դա բացատրելով երիտասարդներին տեղը զիջելու ցանկությամբ։ Վլադիմիրը վերահսկում է երկրի երիտասարդական հավաքականի հետ տարվող աշխատանքը։
«Շախմատը շատ է փոխվել, և ոչ միայն անցյալ
դարից, այլ ընդհանրապես վերջին երեսուն տարվա ընթացքում: Երբ ես սկսեցի խաղալ, այն
բոլորովին այլ էր: Հիմա շատ ավելի դինամիկա կա, շատ ավելի պայքար։ Համակարգիչը, իհարկե,
շատ կարևոր դեր է խաղացել։ Տվյալների բազաները հասանելի դարձան բոլորին։ Մեր ժամանակներում
հնարավոր էր մի քանի մրցաշար խաղալ մեկ գաղափարով, մինչև որևէ մեկը կիմանար դրա մասին,
բայց այժմ ամեն ինչ «ուղիղ եթերում է»: Այժմ դուք պետք է շատ աշխատեք շախմատի վրա,
եթե ցանկանում եք «որսալ» մրցակցին սկզբնախաղի ժամանակ: Այժմ յուրաքանչյուր պարկեշտ
գաղափար արժե մեկ խաղ: Պարզ է, որ դուք չեք կարող օգտագործել այն երկու անգամ: Իսկ
դա շատ ժամանակ է պահանջում: Չեմ կարծում,
որ սա վատ է, սա առաջընթաց է, համակարգիչը ցույց է տալիս, որ խաղը շատ ավելի խորն է,
քան մենք պատկերացնում էինք նախկինում: Համակարգիչը տեսնում է շատ ռեսուրսներ. նույնիսկ
միանգամայն անհույս թվացող դիրքում, պարզվում է, որ իրականում դեռ այնքան բան կա անելու։
Սա ցույց է տալիս, որ շախմատն անսովոր հարուստ խաղ է»,- ասել է Հակոբյանը։
Վլադիմիր Հակոբյանը ամուսնացած է, ունի երեք որդի։ 2020 թվականին հեղինակել է «150
շախմատային խնդիր և էտյուդ» գիրքը։