
Մենք դժոխքով ենք անցել, բայց եթե վաղն էլ ասեն՝ վերադառնում ենք, բոբիկ կգնամ․ արցախցի կին
Անտառներով հասանք, տնից դուրս գալուց անգամ չգիտեինք՝ կհասնենք, թե չէ․ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է արցախցի մի կին։
«Ապրում էինք Մարտակերտի գյուղերից մեկում։ Առավոտյան ժամը 8:30-ին մեզ ասացին, որ պետք է դուրս գանք տնից։ Չէինք պատկերացնում, որ էլ երբեք չենք վերադառնա։ Ասացին՝ երկու օր անտառում կապրեք, հետներս էլ մի քանի բան վերցրինք, որ սոված չմնանք։ Երկու օր մնացինք անտառում, հետո եկան ու ասացին՝ այստեղ էլ անվտանգ չէ, դուրս եկեք»,-ասել է նա։
Արցախցի կինը վերհիշել է, թե ինչպես է ապրումներից ամուսինն ինսուլտ ստացել մեքենայի ղեկին։ «Մի կերպ հասանք Գորիս, ամուսնուս ուղղաթիռով հասցրին հիվանդանոց։ Մենք դժոխքով ենք անցել, ամենավատ բաների միջով։ Եթե վաղը ասեն՝ Ղարաբաղը ետ են տալիս, ես կգնամ։ Բոբիկ ոտքերով կգնամ չի հետաքրքրում՝ տունս կլինի, թե չի լինի, միևնույն է՝ կգնամ»,-եզրափակել է նա։