
Վաշինգտոնը շնորհավորել է ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ և խոստացել շարունակել աջակցել՝ խաղաղության ճանապարհին
Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր արժեքավոր գործընկեր, քանի որ մենք առաջ ենք մղում Հարավային Կովկասում խաղաղության, բարգավաճման և կայունության մեր ընդհանուր նպատակները։
«Մեր ամուր հարաբերությունները կառուցված են ուժեղ մշակութային կապերի, ընդհանուր սկզբունքների և տարածաշրջանային անվտանգություն ու տնտեսական հնարավորություն ապահովելու փոխադարձ ձգտման վրա։
Նախագահ Թրամփի պատմական գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև ԱՄՆ–ի կողմից Հայաստանի համար 145 միլիոն դոլարի օգնության հայտարարությունը՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP) իրականացնելու համար, ընդգծում են մեր երկրի անսասան նվիրվածությունը Հայաստանին՝ միաժամանակ շեշտադրելով մեր համատեղ ջանքերը տարածաշրջանային կապերը զարգացնելու, տնտեսական ներդրումներ խթանելու և անվտանգության համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,- ասել է Ռուբիոն:
Նրա նշել է, որ ուրախ են աջակցել Հայաստանի ճանապարհին՝ էներգետիկ անվտանգության ամրապնդման, առևտրի ընդլայնման և սահմանային անվտանգության ուժեղացման համար՝ հավաստելով իրենց հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ։
«Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի ստորագրած Ռազմավարական գործընկերությունը և երկկողմ փոխըմբռնման հուշագրերը հանդիսանում են մեր համատեղ ջանքերի հիմքը՝ այս ընդհանուր նպատակները կյանքի կոչելու համար։ Քանի որ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան՝ որպես խաղաղության և աճի խաչմերուկ, Միացյալ Նահանգները վերահաստատում է իր նվիրվածությունը ավելի կապված, կայուն և բարգավաճ տարածաշրջանի կառուցմանը»,- ասել է Ռուբիոն: