
Անկախությունը պետք է պաշտպանենք իրական վտանգներից. Քրիստինե Վարդանյան
Անկախությունը ոչ միայն տոն է, այլ նաև պարտավորություն՝ պաշտպանելու երկրի ինքնությունը և անվտանգությունը. Հայաստանի անկախության օրվա առթիվ տոնական երթի ժամանակ ABC Media-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա նշել է, որ անկախ պետությունը ստեղծվել է հայրերի ու պապերի պայքարի շնորհիվ, և այսօր դրա պահպանությունը կախված է յուրաքանչյուր քաղաքացուց։
Վարդանյանը շեշտել է, որ իշխանությունները փորձում են մարդկանց ուշադրությունը շեղել տոնակատարություններով, համերգներով կամ այլ միջոցառումներով, բայց այդ շփոթեցնող միջոցառումներն իրականում չեն փոխում այն ճշմարտությունը, որ Հայաստանը կանգնած է իրական վտանգների առջև՝ անվտանգության և ազգային ինքնության սպառնալիքի տեսքով:
Պատգամավորը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Չորրորդ Հանրապետության» գաղափարը, նշելով, որ դրա նպատակը ոչ թե իրական բարեփոխումներն են, այլ Ալիևի պահանջած սահմանադրության ներդնումը՝ Հայաստանը կախված դարձնելով Թուրքիայից և Ադրբեջանից։ Վարդանյանը ընդգծել է, որ քաղաքական դաշտում բոլոր կողմերը պետք է միավորվեն՝ խոչընդոտելու Հայաստանի անկախության ու ինքնության վտանգին։