
Անկախությունը կանգնած է սպառնալիքի առջև. Իշխան Սաղաթելյան
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնին նվիրված երթից հետո, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել՝ ընդգծելով, որ այս տարի անկախության տոնը նշվում է աննախադեպ ճնշումների պայմաններում, որոնք ուղղված են երկրի ինքնիշխանության և ազգային ինքնության դեմ:
Սաղաթելյանի խոսքով՝ հասարակությանը փորձում են համոզել, թե անկախ պետականությունը կարևոր է միայն կենցաղային խնդիրների լուծման և տոնակատարությունների համար։
«Ավարայրի, Սարդարապատի, Արցախյան ազատագրական պայքարի և 44-օրյա պատերազմի ընթացքում մեր ժողովուրդը չի պայքարել կենցաղային խնդիրների համար։ Մեր պայքարը եղել է ինքնության, հողի, ջրի, լեզվի, մշակույթի և եկեղեցու համար։ Միայն հայկական պետությունն է, որ կարող է պաշտպանել մեր ինքնությունը և ապահովել հայ մարդու անվտանգությունն ու բարեկեցությունը», – ասել է նա:
Նա անդրադարձել է նաև այն մոտեցմանը, թե գոյություն ունեն «պատմական Հայաստան» և «իրական Հայաստան».
Սաղաթելյանի խոսքով՝ «Պատմական Հայաստանը հենց մեր իրականությունն է, այն մեր անցյալն է, որը մեզ տվել է անկախություն, և մեր պատմությունն է, որը պարտավորեցնում է կերտել ապագա: Իրական Հայաստանին հակադրել պատմականին՝ նշանակում է որդուն հակադրել հորը»:
Սաղաթելյանը շեշտեց, որ իրական Հայաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ազգային արժեքների.
«Իրական Հայաստանում չի կարող թիրախավորվել Հայ Առաքելական Եկեղեցին, ուրացվել Հայոց ցեղասպանության փաստը կամ փակվել Արցախի էջը: Ոչ մի պետության պահանջ չի կարող ավելի բարձր լինել, քան մեր անկախության հռչակագիրը»:
Նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Չորրորդ Հանրապետության» գաղափարը. «Երեկ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու մտադրության մասին: Այս հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է՝ որ նա ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը», — ասել է Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի ներկայացրած մոդելը ենթադրում է պետություն, որն ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը, հրաժարվի իր անցյալի, պատմամշակութային ժառանգության և ժողովրդի հավաքական իրավունքների վրա, սահմանափակ զինված ուժեր ունենա և տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանից և Թուրքիայից:
Սաղաթելյանը շեշտել է, որ այս ծրագիրը իրականություն կդառնա, եթե Փաշինյանը վերարտադրվի և հանրաքվեով փոխի սահմանադրությունը՝ փորձելով ժողովրդին դարձնել իրեն հանցակիցը: «Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին: Այս մարտահրավերը որպես գոյաբանական վտանգ պահանջում է համազգային և համահայկական պատասխան»:
Սաղաթելյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն ընդունում է այս մարտահրավերը՝ ստանձնելով իր բաժին պատասխանատվությունը և պատրաստ է մասնակցել կարևոր ճակատամարտին: Նա կոչ արեց ձևավորել համազգային «ՈՉ»-ի ճակատ՝ բոլոր այն ուժերի ու անհատների համար, ովքեր հասկանում են, որ անցյալն ուրանալով ապագա չես կառուցի, քո իրավունքներից հրաժարվելով ու անընդհատ զիջելով խաղաղություն չես ունենա, ինքնությունից հրաժարվելով երջանիկ չես ապրի:
Պատգամավորը ընդգծեց, որ այս ճակատը ունի հստակ անելիք և ասելիք՝ բացահայտել իրականությունը, ներկայացնել Փաշինյան–Ալիև ծրագրի մանրամասները և ցույց տալ ժողովրդին, որ խաղաղության ու «իրական Հայաստանի» անվան տակ փորձում են կազմալուծել հայկական պետականությունը:
Սաղաթելյանը նաև ասալ է, որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը անձամբ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար նրա հեռացումը կամ վերարտադրման կանխումը ազգային անվտանգության հարց է:
«Սիրելի հայրենակիցներ, անկախությունը միայն փաստաթուղթ չէ, այն առաքելություն է: Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ: Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ, այլ ողջ հայ ժողովրդինը: Հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է», – եզրափակել է Իշխան Սաղաթելյանը: