
Թեհրանն ու Մոսկվան նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
Իրանն ու Ռուսաստանն առաջիկա օրերին կստորագրեն համաձայնագիր Իսլամական Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունն այս շաբաթ կստորագրեն համաձայնագիր նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ։ Երկու երկրների միջև միջկառավարական համաձայնագիրը նախատեսում էր, որ Ռուսաստանը կկառուցի ութ միջուկային էներգաբլոկ, որոնցից չորսը կլինեն Բուշերում։ Իրանը կտեղեկացնի Ռուսաստանին նոր կայանների կառուցման մասին», – նշել է նա։
Էսլամին հավելել է, որ Իրանը նախատեսում է ատոմակայաններում արտադրել 20,000 ՄՎտ էներգիա, և Ռուսաստանն այս գործընթացում գլխավոր գործընկերն է։
«Մոսկվա կատարած այս այցը կարևոր հանգրվան է Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների համար, մասնավորապես՝ էներգետիկայի և միջուկային համագործակցության ոլորտում։ Մենք կստորագրենք համաձայնագրեր, որոնք ուղղված են միջուկային նախագծերի զարգացման արագացմանը և կանցկացնենք կարևոր այցելություններ», – ընդգծել է նա։