
Կոպենհագենի և Օսլոյի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը՝ անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով
Կոպենհագենի օդանավակայանը սեպտեմբերի 22-ի երեկոյան դադարեցրել է մուտքային և ելքային չվերթները՝ տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքների պատճառով․ գրում է meduza.io-ն՝ Կոպենհագենի ոստիկանությանը հղումով:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ երկու-երեք անօդաչու թռչող սարք է նկատվել օդային տարածքում։
Մոտ երեք ժամ անց Կոպենհագենի օդանավակայանը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ վերսկսում է գործունեությունը:
«Այնուամենայնիվ, հնարավոր են չվերթների ուշացումներ և չեղարկումներ: Ուղևորներին խնդրում ենք ճշտել իրենց ավիաընկերությունների հետ», – ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ հետաքննություն են անցկացնում։
Ըստ Flightradar24-ի՝ Կոպենհագեն մեկնող մոտ 35 չվերթ վերաուղարկվել է այլ օդանավակայաններ: «Հայտնի չէ, թե որտեղից են եկել անօդաչու թռչող սարքերը: Հայտնի չէ նաև, թե դրանից հետո ուր են գնացել», – ասել է Դանիայի ոստիկանության փոխտեսուչ Յակոբ Հանսենը:
Մեկ անհայտ թռչող սարք էլ նկատվել է Նորվեգիայի մայրաքաղաքի Գարդերմուեն օդանավակայանի օդային տարածքում։ Գարդերմուենի խոսնակը հայտնել է, որ օդանավակայանի օդային տարածքը փակվել է, ժամեր անց չվերթները վերսկսվել են։