23 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հոգեկան նոպաներ», «քաշովի արաղի չարաշահում». նախկին նախագահների գրասենյակների արձագանքը` Փաշինյանի գրառմանը

«Հոգեկան նոպաներ», «քաշովի արաղի չարաշահում». նախկին նախագահների գրասենյակների արձագանքը` Փաշինյանի գրառմանը

Մերուժան Արծրունի, Վահան Մամիկոնյան, Վասակ Սյունի, Մելիք Շահնազար եւ Մելիք Ֆրանգյուլ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանը նախօրեին Նիկոլ Փաշինյանին դասել է Հայոց պատմության դավաճանների շարքում։ Առաջին նախագահն իր գրառմամբ հիշեցրել է, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ինչ արհավիրքների է հանդիպել Հայաստանի Հանրապետությունը։ 

«Արցախը Հայաստան է և վերջ» ամպագորգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին եւ ջախջախիչ պարտություն կրես: Հիմարաբար մերժես պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը… Ինչևիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն»,-գրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

Տեր-Պետրոսյանի գրառման կողքով անտարբեր չեն անցել ոչ ՔՊ-ականները, ոչ էլ անձամբ Նիկոլ Փաշինյանը։

«ՏՊԼ–ն Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ։ ՌՍ–ն Ղարաբաղը ներքաշեց պատերազմի մեջ ու փախավ Հայաստան։ ՍՔ–ն ավելի վաղ էր փախել Ղարաբաղից, Լաչինի պոստում հավաքած մանեթեները վայելելու։ Հաղթո՜ղ նախագահներ, հաղթո՜ղ նախագահներ․ Երրորդ հանրապետության պատմության մասին խորհելիս սարսափով արձանագրեցի, որ «հաղթող նախագահ» հորջորջվողներից ոչ ոք, պատկերացնու՞մ եք, ոչ ոք, ոչ մի անգամ ժողովրդի վստահության քվեն չի ստացել։ Ու հիմա մեռնում եք, տեսնելով, որ այո հազարավոր զոհերի գնով այդ ելքը գտնվել է։ Մեռնում եք բառիս բուն իմաստով, օրը երեք անգամ։ Մի հատ առավոտ, մի հատ կեսօրին ու մի հատ էլ մութն ընկնելուն պես»,-գրել է Փաշինյանը։

Փաշինյանը կրկին ՀՀ երեք նախագահներին հրավիրել է բանավիճելու՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ այն բանտախցում, որտեղ ժամանակին եղել է անձամբ ինքը՝ Փաշինյանը։ Նա հորդորել է նախագահներին՝ իրենց հետ տանել նաև Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներին, նրանց տալով իրենց աշխարհիկ անունները։ 

Հայաստանի չորս ղեկավարների առցանց բանավեճն այսքանով չի ավարտվել։  Նիկոլ Փաշինյանի գրառմանն էլ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Բագրատ Միկոյանը,անդրադառնալով այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երկու գրառումներին, ասել է․

«Քաշովի արաղի սեզոնին դրա չարաշահումը սրում է հոգեկան խնդիրները։ Կամ արաղնա պետք թարգել կամ դեղերը: Տեքստերը չեմ կարդացել, քանի որ փլուշահոտը խեղդում է: Կարա թան խմի, դինջանա»։

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի գրառումից հետո Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունք է ստացել, ոչ թե պատասխան գրառում է արել. ABC media-ի հետ զրույցում այսպես բնորոշեց Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։

«Ակնհայտ է, որ հոգեբանական նոպաների մեջ է ընկել ու հոգեխանգարմունք է ստացել։ Ուզում եմ դիմել Լևոն Տեր-Պետրոսյանին, որ մի քիչ քննադատության կոշտությունը նվազեցնի, որովհետև պետք է հաշվի առնել, որ երկրի ղեկին գտնվում է Նիկոլ Փաշինյանն ու նրա հոգեբանական նոպաները կարող են ցնցել նաև Հայաստանի Հանրապետությունը»,-ասել է Զուրաբյանը։

Անդրադառնալով բանավեճի հրավերին` ՀԱԿ անդամը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները։

«Ազգակործան պատուհաս-խաբեբա, քեզ հստակ ասվել է` հրապարակիր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ դու թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցելն ես անգամ գիտակցաբար մերժել, երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ։ Հրապարակիր, որ բանավեճը կայանա: Չհրապարակելով այդ փաստաթուղթը` անգամ այն բանից հետո, երբ Մինսկի խումբը ինքդ լուծարեցիր և այլևս գաղտնապահության որևէ կապանք չկա` դու, հենց դո´ւ ես փախչում բանավեճից և ճիշտ ես անում, որովհետև ճշմարտության լույսի տակ բանավեճում ոչ մի շանս չունես»,-ասել է Զուրաբյանը։



Ռազմագերիներ