07 Հուն
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրեն հարգող արվեստագետը երբևէ չի սատարում որևէ կառավարության. Նուռ

Իրեն հարգող արվեստագետը երբևէ չի սատարում որևէ կառավարության. Նուռ

ABC ինտերվյուի շրջանակներում զրուցել ենք Նուռի հետ։ Քանդակագործ,
նկարիչ, դիզայներ Արման Նուռը մտքերի և ստեղծագործական ծրագրերի պակաս չունի։ Նրա կարծիքով
ժամանակներն ու իրավիճակները փոփոխվում են՝ իրենց հետ բերելով ստեղծագործելու նոր պատճառ,
նոր միտք։ Իր ստեղծագործությունները Նուռը ցուցադրում է աշխարհի տարբեր ցուցասրահներում՝
ներկայացնելով ու ծանոթացնելով արվեստասերերին Հայաստանի ժամանակակից արվեստի հետ։

-Հայաստանը դրսում որքա՞ն է ճանաչելի, և արդյոք մեր երկիրը նորովի
ներկայացման կարիք չունի։

-Մենք չենք ունեցել Հայաստանի ծրագրավորած բրենդինգ, չենք մտածել
ինչպես բրենդավորել Հայաստանն աշխարհի համար։ Մենք բրենդավորել ենք  միայն մեկ
ուղղությամբ․ որպես հին, ժամանակին շատ հզոր, ցեղասպանություն վերապրած։
Այո՛, դա պետք էր, բայց պետք է ներկայացնել նաև այսօր էլ գոյություն ունեցող Հայաստանը,
քանի որ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ իմ հանդիպումների ընթացքում պարզեցի,
որ շատերի համար Հայաստանը նախկինում է, այսօրվա Հայաստանն իրենց համար չկա։ Այդ պատճառով
էլ ես փորձում եմ այսօրվա Հայաստանը ներկայացնել իմ չափով և ոչ միայն իմ ստեղծագործություններով,
այլև այլ տաղանդավոր նկարիչների միջոցով, ովքեր ինձ հետ գալիս են տարբեր ցուցահանդեսների։
Մենք ցույց ենք տալիս, ասում ենք, որ այսօր կանք, մենք այսօր այստեղ ենք, ուշադրություն
դարձրեք մեզ։

– Հայաստանում այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, արդյոք արվեստը
չի՞ կարող դառնալ այն գործիքը, որով հասարակության գիտակցության հետ կապված խնդիրների
մի մասը հնարավոր կլինի լուծել։

-Ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ Հայաստանն այսօր մշակութային
աղետ է ապրում, քանի որ այն բառապաշարը, այն լեզվամթերքը, որն այսօր օգտագործվում է
թե՛ պետական ատյաններում, թե՛ մարդկանց առօրյա շփման մեջ՝ ուղղակի աղետալի է։ Մեր գլխավոր
հարստությունը մեր լեզուն է, և այսօր այն աղավաղելով, վերածելով աստված գիտի ինչի,
մենք հայտնվում ենք աղետի մեջ։ Սա պետք է կանխել, ես կողմ եմ նույնիսկ ցենզուրայի։

-Ձեզ մոտ երբևէ ցանկություն եղե՞լ է, թողնել այսօրվա խնդիրներով
լի Հայաստանը և գնալ, մաս կազմել «անհոգների, հաղթողների հասարակությանը», այլ կերպ
ասած՝ մեծ և որևէ լուրջ խնդիր խնդիր չունեցող երկրի մաս կազմել։

-Չի եղել նման բան, եղել են փոքրիկ թուլություններ, ցանկություն՝
երբեմն մի քիչ երկար մնալ որևէ տեղ։ Բազում առաջարկներ եմ կյանքիս ընթացքում ունեցել։
Այս երկրում ապրող յուրաքանչյուր ոք, երբ տեսնի այդ առաջարկները, կմտածի, որ գժվել
եմ, եթե այդպիսի հնարավորություններ եմ բաց թողնում։  Փորձում եմ գոնե իմ մասնաբաժնով,
իմ ձևով Հայաստանը բերել հաղթանակի։ Դա իմ առաքելությունն է և ես ընդունել եմ այն։

Ես ընդունում եմ հայրենիքն իբրև ծնող, ինքն է ինձ լույս աշխարհ
բերել։ Ծնողին չեն ընտրում՝ մանավանդ հայրենիքս իր պատմական ամենածանր, ամենահիվանդ
էջն է ապրում, ես չեմ կարող լքել այն։ Ո՞նց կարող ես ծնողիդ լքել, երբ ծնողդ հիվանդ
է։

-Թշնամին այսօր հավակնում է ոչ միայն մեր տարածքին, այլև մեր մշակույթին․
երաժշտությանը, գորգագործությանը, խոհանոցին և այլն։ Ձեր կարիքով մեր պայքարը համարժե՞ք
է այդ ոտնձգություններին։

-Ես ինքս չեմ պայքարում դրա դեմ, ինչո՞ւ, որովհետև ես իմ ազգի,
իմ ունեցածի վրա վստահ եմ։

-Բայց եթե չպայքարենք, արդյոք դրսից հետևողի համար կասկած չի առաջանա՞,
մե՞րն է այդ ամենը, թե՞ ոչ։

-Կարևորը մեր մեջ այդ կասկածը չառաջանա։ Եթե մենք վստահ ենք մեր
ունեցածի և ստեղծածի վրա, և շարունակում ենք ստեղծագործել, մեխանիկորեն նա էլ, անցյալում
ստեղծածն էլ է դառնում մերը։ Եթե մենք, օրինակ՝ շարունակենք զբաղվել գորգագործությամբ
և զարգացնենք այն՝ ոչ մեկի մոտ կասկած չի առաջանա՝ անցյալում ստեղծածը մե՞րն է, թե՞
ոչ։

-Արդյոք արվեստագետի համար ճշմարտությունը պետք է վեր լինի ամեն
ինչից։

-Իրեն հարգող արվեստագետը երբեք չի սատարում որևէ իշխանության։
Ես չեմ ընդունում այն արվեստագետներին, որ կանգնում են որևէ կառավարության կողքին և
սկսում են գովաբանել այն։ Պետք չէ գովաբանել, եթե գովաբանելու բան կա, դա նորմալ է,
դա ասելու չի, դա այդպես էլ պետք է լինի, իսկ եթե վատ բան կա՝ դա պետք է անպայման ցույց
տալ։ Ես համարում եմ, որ արվեստագետին  ոչ մի կառավարություն չի կարող ուղղորդել։
Արվեստն ազատ է ամեն ինից, այդ դեպքում է ինքը միայն արվեստ և վերջ։

-Հայ կնոջ դերը մշակույթի մեջ ձեր կարծիքով բավարա՞ր չափով է ուսումնասիրված։
Ուշադրությունը, կարծես ,այնքան էլ մեծ չէ։

-Հայաստանը, երևի, ամենակնամեծար երկիրն է։ Մայր հող ենք ասում․
հողը մեզ համար մայր է, իսկ երկիրը Հայրենիք է՝ հայր է։ Ռուսների մոտ, օրինակ՝ Հայրենիքը
մայր է։ Եվ այն մարդիկ, ովքեր հանձնում են հողը, իրենց մորն են հանձնում՝ թող իմանան
դա։ Կնոջ դերն ու հարգանքը շատ բարձր է, օրինակ՝ մի տասը տարի առաջ կնոջ ներկայությամբ
հայհոյելը անթույլատրելի էր․ միայն դրա համար այդ ժամանակները կարող
եմ հրաշալի անվանել։ Հիմա, ցավոք սրտի, անգամ կանայք են հայհոյում, ընդ որում՝ պետական
ատյաններում։ Դա այն լեզվամտածողության աղետն է․ Հայոց լեզվում չկա հայհոյանք, հիմա
կիրառվող հայհոյանքները փոխառություններ են ուրիշ լեզուներից։

-Ճի՞շտ եք համարում խոսել Հայրենիքի և կնոջ նկատմամբ տածած սիրո
մասին։ 

-Ես շատ հազվադեպ եմ ասում այդ արտահայտությունը, հաճախ ասելն ինձ
համար արժեզրկվում է այն։ Եթե այն հաճախ ես կրկնում, արժեզրկվում է, որովհետև սիրելը
դա խոսք չէ՝ գործ է։ Խոսքը կարող ես ասել ու անցնել․․․Ես երջանիկ եմ, որովհետև սիրում եմ
և սիրված եմ, բայց, անընդհատ խոսելով դրա մասին, կարժեզրկեմ դրա խորությունն ու կարևորությունը։
Նույնն էլ հայրենասիրությունը․ դա չի կարող ուղղակի ասվել, ասել՝ սիրում
եմ իմ Հայրենիքը ու գնալ ուրիշ տեղ ապրել՝ դա սեր չի, գնալ ուրիշ երկրում ապրել և կարոտից
տվայտվել՝ դա էլ սեր չի։ Ինչի՞ ես կարոտում, տանջվում․ վեր կաց, արի՛։
Ապրել ուրիշ տեղ, ոչինչ չանել ու ասել սիրում եմ, դա ընդհանրապես սեր չի։

-Ճշմարտությունը ձեզ համար մե՞կն է։

-Ինձ համար աղետ է սուտը։ Ամենաաղետալին, երբ ինքդ քեզ ես ստում։

-Արվեստագետին չէի կարող այդ հարցը չտալ․
գեղեցիկ մարդը ո՞վ է ձեզ համար։

-Շատ հասարակ կպատասխանե՞մ, եթե ասեմ՝ ում հոգին է գեղեցիկ։ Դա
շատ ծեծված արտահայտություն կհնչեր, բայց այդպես չէ, ոչ միայն հոգու գեղեցկությունն
է գեղեցիկ, գեղեցիկ է մտքի գեղեցկությունը, գիտելիքի գեղեցկությունը, իմաստության գեղեցկությունը,
քանի որ իմաստությունը գիտելիքի հակաթույնն է։ Երբ իմաստության և գիտելիքի բալանսը
նորմալ է, այդ դեպքում է մարդը գեղեցիկ։ Նույնիսկ էնցիկլոպեդիկ գիտելիք ունեցող մարդը
վտանգավոր է, եթե չունի այդ գիտելիքը օգտագործելու իմաստություն։ Երբ մարդն ունի ինտելեկտ
և իմաստություն, դա տպվում է նրա դեմքին․ ինքն արդեն գեղեցիկ է։ Գեղեցիկ չէ նաև
արհեստականությունը։ Վերջերս ասում եմ, որ մարդ եմ ման գալիս, որովհետև այդ արհեստական
դեմքերի տակ այլևս մարդ չի մնում։ Հիմա ինձ համար մարդն է կարևոր՝ բնական, իսկական,
հասարակ․․․Դա
ամենաճիշտ պլաստիկ խիրուրգիան է․ ձեռք բերեք գիտելիք ու իմաստություն
և ձեր դեմքը կշտկվի․․․

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը