
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Թրամփի ուղղաթիռի վրա լազերով «հարձակում» գործելու համար
Վաշինգտոնում տղամարդը փորձել է լազերով «հարձակվել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխող ուղղաթիռի վրա։ Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով դատարանի փաստաթղթերին։
Շաբաթ՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, Գաղտնի ծառայության սպա Դիեգո Սանտյագոն նկատել է կասկածելի տղամարդու, որը հետևում էր Սպիտակ տան ուղղաթիռին։ Ջեյքոբ Սամուել Վինկլեր անունով անձը կարմիր լազերն ուղղել է նախագահական ուղղաթիռի վրա։ Սանտյագոն ձերբակալել է տղամարդուն, առգրավել լազերային ցուցիչը և ձեռնաշղթաներ հագցրել։ Խուզարկության ժամանակ կասկածյալի մոտ հայտնաբերվել է դանակ։
Հարցաքննության ժամանակ կասկածյալը բացատրել է, որ լազերն ուղղել է նախագահական ուղղաթիռի վրա, քանի որ չգիտեր, որ դա անելն արգելված է։
Դատական փաստաթղթերում նշվել է, որ նրա գործողություններն «օդաչուի համար տեսողության հանկարծակի կորստի և ապակողմնորոշման վտանգ են առաջացրել», ինչը նախագահական ուղղաթիռի համար օդում բախման վտանգ է ստեղծել։
Ջեյքոբ Սամուել Վինկլերին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք։