Երևանում ընտրողների թիվը նվազել է․ ԿԸՀ նախագահ
Այս պահի դրությամբ դեռ որևէ ուժ հայտ չի ներկայացրել սեպտեմբերի
17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համար, ասուլիսի ժամանակ
հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Քաղաքական ուժերի առաջադրումներն այսօրվանից սկսվել են։ Առաջադրման
փաստաթղթերը սովորաբար ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ՝ վերջին ու նախավերջին
օրերին»,-ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով, սեպտեմբերի 17-ի ընտրություններին Երևանի ընտրողների
քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559 մարդ: Նախորդ ընտրություններին՝
2018-ի սեպտեմբերի 23-ին, այդ թիվը եղել է 848 հազար: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել
է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը, ընտրական ցուցակներում
Երեւանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի:
«Այսինքն` անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է։ Դրա պատճառն
այն է, որ 2021-ի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, ընտրական ցուցակից հանվում
էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս և ավելի ժամկետանց փաստաթղթեր ունեին»,-
ասաց Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահն անդրադառնալով հանգամանքին, որ «Փաստերի ստուգման
հարթակը» հրապարակել էր, որ «ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով,
ձայներ է հավաքում Ավինյանի համար» վերնագրով նյութ, որտեղ կային ձայնագրություններ
համայնքների ղեկավարների մասնակցությամբ, ասաց, որ ձայնագրությունը լսել է։
«Այնտեղ զանգահարողը ներկայանում է որպես Գևորգ Պապոյանի օգնական
և իմ տպավորությամբ, ըստ էության, այդ խոսակցության ընթացքում մյուս կողմում գտնվող
զրուցակիցները սկսում են ինչ-որ հանձնարարություններ ստանալ: Կարող եմ մի բան ասել,
զուտ ձայնագրությամբ վարչական ռեսուրսի չարաշահման փաստ չի եղել։ Բայց դա իմ կարծիքն
է, ընդամենը: Սա ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումը չէ: Եթե լինի դիմում բողոք, որը փաստարկված
կներկայացնի, թե ինչ վարչական ռեսուրսի օգտագործում է տեղի ունեցել, ԿԸՀ-ն կքննարկի
եւ կտա իրավական գնահատական: Նման դիմում բողոք հիմա չկա»,-ասաց Հովակիմյանը: