
Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթում կոչ է արել անմիջապես դադարեցնել Գազայի պատերազմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Գազայի պատերազմը պետք է անմիջապես դադարեցվի՝ միաժամանակ մի շարք արևմտյան երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը որակելով որպես «պարգևատրություն» ՀԱՄԱՍ-ին. գրում է Al Jazeera-ն:
«Մենք պետք է անմիջապես դադարեցնենք պատերազմը Գազայում», – երեքշաբթի Նյու Յորքում համաշխարհային առաջնորդներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը «խորապես ներգրավված» է հրադադար ապահովելու ջանքերում։
Նա կրկին կոչ է արել Իսրայելից առևանգված և Գազայում պահվող գերիների վերադարձնել։
«Մենք պետք է դա իրականացնենք։ Պետք է բանակցենք խաղաղության համար։ Պետք է վերադարձնենք գերիներին։ Մենք ուզում ենք բոլոր 20 պատանդներին հետ ստանալ», — ասել է նա՝ նկատի ունենալով գերիներից 20-ին, որոնց դեռ ողջ են համարում։
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից ընդգծել է, որ խաղաղություն կողմնակիցները պետք է միավորվեն գերիների ազատման պահանջի շուրջ՝ միաժամանակ մերժելով արևմտյան որոշ երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։
«Այս մարմնի որոշ անդամներ փորձում են միակողմանիորեն ճանաչել Պաղեստին պետությունը, կարծես խրախուսելով շարունակվող հակամարտությունը։ Դա կլինի չափազանց մեծ պարգևատրություն ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին՝ նրանց հանցագործությունների համար», — հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքերը հակադրվեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությանը, ով կիրակի երկու պետության լուծման շուրջ քննարկման ժամանակ ասել էր, որ պաղեստինցիների պետականությունը «իրավունք է, ոչ թե պարգև»։
Կատարի Համադ Բին Խալիֆա համալսարանի պրոֆեսոր Սուլթան Բարաքաթը նշել է, որ թեև Թրամփը պահանջում էր անմիջապես դադարեցնել պատերազմը, սակայն չնշեց՝ ինչպես։
«Նա գիտի, որ դրա շարունակման հիմնական պատճառը հենց այն է, որ ինքը աջակցում է դրան», — ասել է Բարաքաթը «Ալ Ջազիրա»-ին՝ նկատի ունենալով Թրամփի աջակցությունը Իսրայելին։
Թրամփը հրադադարի բանակցությունների ձախողման մեղքը բարդել է Գազան կառավարող ՀԱՄԱՍ-ի վրա՝ պնդելով, որ պաղեստինյան կազմակերպությունը «հաճախ մերժել է խաղաղության ողջամիտ առաջարկները»։
Մյուս կողմից, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին շարունակաբար մեղադրել են հրադադարի բանակցությունները ձգձգելու համար՝ Իսրայելի պատերազմի սկզբից ի վեր։
Այս ամսվա ընթացքում Իսրայելը թիրախավորել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին Կատարի մայրաքաղաք Դոհայում, երբ վերջիններս այնտեղ քննարկում էին ԱՄՆ-ի կողմից ներկայացված վերջին հրադադարի առաջարկը։
Իսրայելի վարչապետը մարտի կեսերին խախտել էր ՀԱՄԱՍ-ի հետ վերջին հրադադարը և Գազայի հատվածի լիակատար շրջափակում էր սահմանել, ինչը հանգեցրել էր սովի և մահերի։
Երեքշաբթի ՀԱՄԱՍ-ը հերքել է պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնության ձախողման մեղավորությունը. «Մենք երբեք խոչընդոտ չենք եղել համաձայնության հասնելու հարցում», – նշված է հայտարարության մեջ։
«Ամերիկյան վարչակազմը, միջնորդները և աշխարհը գիտեն, որ Նեթանյահուն է միակ խոչընդոտը բոլոր փորձերում՝ համաձայնության հասնելու համար»։