
Թրամփը գովազդում է Ուզբեկստանի և Ղազախստանի հետ միլիարդավոր դոլարների գործարքները, մինչ ԵՄ-ն փորձում է խթանել TRIPP-ը․ Eurasianet
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին կարելի է ավելացնել Դոնալդ Թրամփի «բարձր հարգանքին արժանացած» առաջնորդների ցանկում․ գրում է Eurasianet-ը։
Թրամփն իր Truth Social էջում մի քանի գրառումներ է կատարել՝ գովասանքի արժանացնելով Ուզբեկստանի և Ղազախստանի առաջնորդներին, որոնք համապատասխանաբար ստորագրել են խոշոր պայմանագրեր ամերիկյան ընկերությունների հետ։ Այս գործարքները կարող են մեծ խթան լինել Միջին միջանցքի համար, որն առևտրային ցանց է՝ նախատեսված Կենտրոնական Ասիայի և Արևմտյան շուկաների միջև կապերն ամրապնդելու համար։
Թրամփը հատկապես գովաբանել է Ուզբեկստանին գրեթե երկու տասնյակ Boeing 787 Dreamliner ինքնաթիռ գնելու համաձայնության համար, որի արժեքը կազմում է ավելի քան 8 միլիարդ դոլար։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ գնումը կստեղծի «ավելի քան 35,000 աշխատատեղ» Միացյալ Նահանգներում։
«Նախագահ Միրզիյոևն իր խոսքի տերն է, և մենք կշարունակենք համատեղ աշխատել ավելի շատ բաների շուրջ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Միրզիյոևը, որը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կապակցությամբ, զբաղված էր ավելի շատ գործարքներ կնքելով, ինչպես նաև հանդիպելով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սերխիո Գորի հետ, որը ծնվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Հանդիպման մասին Ուզբեկստանի նախագահի հայտարարությունում ակնարկվում էր, որ քննարկվել է Թրամփի՝ Կենտրոնական Ասիա այցի թեման: «Քննարկվել են նաև առաջիկա միջոցառումների ծրագրերը», -ասվում էր հայտարարությունում։
Ղազախստանի հետ ԱՄՆ-ի ամենամեծ գործարքը վերաբերում է 4.2 միլիարդ դոլար արժողությամբ բեռնատար երկաթուղային սարքավորումներին, այդ թվում՝ լոկոմոտիվներին։ «Շնորհավորում եմ նախագահ Տոկաևին հիանալի գնման կապակցությամբ», – նշել է Թրամփը Truth Social-ի առանձին գրառման մեջ:
Ըստ կայքի՝ մյուս կողմից, Միջին միջանցքը, կարծես, խթան է ստացել Եվրամիությունից: Հարավային Կովկասում շրջագայությունից վերադարձած ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է Հայաստանի համար 202.5 միլիոն եվրոյի օգնության փաթեթի մասին: Միջոցները, ըստ երևույթին, նախատեսված են «բարեփոխումների և սոցիալ-տնտեսական դիմադրողականության» խթանման համար։ Սակայն, տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները նշում են, որ ֆինանսավորման զգալի մասը կուղղվի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի զարգացմանը, որն օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված ժամանակավոր խաղաղության համաձայնագրի հիմնական դրույթն է։
Կոսը նշել է, որ Կովկասում խաղաղության խթանումն ընդլայնված առևտրի միջոցով ԵՄ նպատակներից մեկն է։
«ԵՄ-ն վճռականորեն աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապի մեջ», – նրա խոսքերն է մեջբերվել ԵՄ հայտարարությունում։