Հայաստանի ծանրամարտի հավաքականը Դոհայում մասնակցում է Գրան Պրիին, որը վարկանշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար․
այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել երիտասարդների
աշխարհի ոսկե մեդալակիր, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը: 18-ամյա
մարզուհին երկամարտում ցույց է տվել 189 կգ արդյունք և դարձել է Գրան Պրիի բրոնզե մեդալակիր:
Ալեքսանդրա Գրիգորյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների պայքարում:
Պոկում վարժությունում հայ մարզուհին գլխավերևում պահել է 81 կգ
կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 108 կգ-ն: Ընդ որում, հրում վարժությունում
Գրիգորյանը գերազանցել է աշխարհի երիտասարդական առաջնությունում ցույց տված արդյունքը:
Երկու վարժություններում էլ Գրիգորյանը ցույց է տվել 4-րդ արդյունքը:
Կանանց հավաքականի կազմում ընդգրկված են նաև Լիանա Գյուրջյանը
(81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ):
Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրին կտևի մինչև դեկտեմբերի
14-ը: