
Օդային քաոս. Եվրոպան աչքերը հառել է երկնքին՝ «որսալու» խորհրդավոր անօդաչու թռչող սարքերը
Նորվեգիան և Դանիան սերտ կապի մեջ են Օսլոյի և Կոպենհագենի օդանավակայանները կանգնեցրած անօդաչու թռչող սարքերի առանձին միջադեպերի հետ կապված, սակայն մինչ օրս նրանց հետաքննությունները դեռևս կապ չեն հաստատել երկու դեպքերի միջև։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդեն։
Երկուշաբթի երեկոյան Կոպենհագենի օդանավակայանի մոտ երկու կամ երեք խոշոր անօդաչու թռչող սարքերի երևան գալը գրեթե չորս ժամով դադարեցրել էր բոլոր թռիչքներն ու վայրէջքները։ Նորվեգիայի իշխանությունները նաև երեք ժամով փակել էին Օսլոյի օդանավակայանի օդային տարածքն՝ անօդաչու թռչող սարք տեսնելուց հետո։ «Մենք դեռևս չենք հաստատել, որ որևէ կապ կա երկու միջադեպերի միջև։ Մենք նաև չենք կապել այն որևէ կոնկրետ երկրի հետ», – Reuters-ի հետ զրույցում նշել է Էսպեն Բարթ Այդեն։ Նա հավելել է, որ մարդկանց մեծ մասի մոտ կարծիք կա, որ միաժամանակ տեղի ունեցող երկու նմանատիպ դեպքերը ենթադրում են դրանց միջև կապի առկայությունը։
Վերջին տարիներին արևմտյան անվտանգության գործակալությունները հայտարարել են, որ հիբրիդային սպառնալիքները, մասնավորապես Ռուսաստանից, ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում։ Նման սպառնալիքները ներառում են ամեն ինչ՝ կարևորագույն ենթակառուցվածքների ֆիզիկական դիվերսիայից մինչև ապատեղեկատվական արշավներ, կասկածելի լրտեսություն և կիբեռհարձակումներ։
«Մենք ո՛չ հաստատում ենք, ո՛չ էլ բացառում, որ երկուսն էլ կապված են», – նշել է Բարթ Այդեն։
Երեքշաբթի Նորվեգիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը, որի հետ այն կիսում է կարճ, նոսր բնակեցված հյուսիսային սահման, 2025 թվականին երեք անգամ՝ ապրիլին, հուլիսին և օգոստոսին, խախտել է իր օդային տարածքը, հավելելով, որ պարզ չէ՝ դա Կրեմլի կողմից պատահակա՞ն էր, թե՞ հաշվարկված սադրանք։
Euronews-ի հաղորդմամբ՝ Դանիայում բարձր տագնապի մակարդակ է օդանավակայանների վրա չարտոնված անօդաչու թռչող սարքերի թիրախավորումից հետո, ինչը հանգեցրել է Օլբորգի օդանավակայանի փակմանը: Իշխանությունները կասկածում են, որ Ռուսաստանը ներգրավված է այս հարցում։
Դանիան դիմել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Դանիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենի խոսքով՝ Կոպենհագենը քննարկում է դաշինքի 4-րդ հոդվածը գործարկելու հարցը՝ հիբրիդային հարձակման շրջանակում, որը ներառում է անօդաչու թռչող սարքերի «համակարգված մոտեցում» կարևոր ենթակառուցվածքներին։
Իշխանությունները հայտարարել են, որ թույլտվություն է տրվել խոցել անօդաչու թռչող սարքերը հետագա միջադեպերի դեպքում:
«Մենք պատրաստվում ենք գտնել այս ամենի հետևում կանգնած մարդկանց», – նշել է Լունդ Պոուլսենը:
«Մենք ունենք տարբեր ռազմական հնարավորություններ, որոնք կարող են օգնել պաշտպանել Դանիան՝ F-35-ը և մեր ֆրեգատները», – հավելել է նա: Այնուամենայնիվ, Լունդ Պոուլսենը նաև նշել է, որ Դանիան չունի ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգ, որը կառավարությունը որոշել է գնել այս ամիս։
Նա հավելել է, որ այն դեռևս լիովին արդյունավետ չի լինի այն տեսակի անօդաչու թռչող սարքի դեմ պայքարում, որը հայտնվել էր Դանիայի երկնքում հինգշաբթի օրը։
«Մենք պետք է ունենանք գործիքների լայն տեսականի՝ մեր ճանապարհին հանդիպող ամեն ինչի դեմ պայքարելու համար, լինեն դրանք հրթիռներ, թե անօդաչու թռչող սարքեր», – նշել է Լունդ Պոուլսենը։
Ռումինիան, որը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ է, նույնպես հայտնել է իր օդային տարածքում ռուսական անօդաչու սարքերի հայտնվելու մասին։ Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածք ռուսական անօդաչու թռչող սարքերի կասկածելի ներխուժումը, ինչպես նաև Էստոնիայի կողմից ռուսական կործանիչների իրենց օդային տարածք մտնելու մասին հաղորդագրությունը մտահոգություններ են առաջացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, որոնք բարձրաձայնել են իրենց օդային պաշտպանության մեջ բացթողումների մասին։
Ռուսաստանը հերքել է Էստոնիայի օդային տարածքը խախտելու մեղադրանքը, մինչդեռ պնդել է, որ Լեհաստան ներխուժումը միտումնավոր չի եղել։ Այնուամենայնիվ, այն չի մեկնաբանել Ռումինիայում տեղի ունեցած միջադեպը։
Երեքշաբթի կայացած հանդիպումից հետո ՆԱՏՕ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և զգուշացրել, որ կօգտագործի «բոլոր անհրաժեշտ ռազմական և ոչ ռազմական գործիքներն» իրեն պաշտպանելու համար։
«Ռուսաստանը կրում է այս գործողությունների լիակատար պատասխանատվությունը, որոնք սրում են իրավիճակը, սխալ հաշվարկներ կատարելու ռիսկ են ստեղծում և կյանքեր են վտանգում։ Դրանք պետք է դադարեցվեն», – նշվել է հայտարարության մեջ։
ՄԱԿ-ում իր ելույթից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կրակեն իրենց օդային տարածքը խախտող ռուսական ինքնաթիռների վրա։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, իր հերթին, «անհիմն» է անվանել մեղադրանքները, թե Ռուսաստանն է կանգնած եվրոպական օդանավակայանների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի միջադեպերի հետևում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ «փաստերը դեռևս պարզվում են», սակայն նկատվում է օրինաչափություն։
«Մեր կարևորագույն ենթակառուցվածքները վտանգված են։ Եվ Եվրոպան կարձագանքի այս սպառնալիքին ուժով և վճռականությամբ», – հայտարարել է նա։
Ֆոն դեր Լեյենը CNN-ի հետ զրույցում նշել է․ «Իմ կարծիքով՝ մենք պետք է պաշտպանենք տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը։ Դա նշանակում է, որ եթե օդային տարածք ներխուժում լինի, հստակ նախազգուշացումից հետո, իհարկե, կդիտարկվի օդային տարածքը ներխուժող կործանիչը խոցելու տարբերակը»։