Ռաշիդ Բեգլարյանի` ադրբեջանցիների մոտ հայտնվելու առեղծվածը
Մեկ շաբաթում Ադրբեջանն արդեն 2-րդ արցախցուն է ձերբակալում:
Երեկ ձերբակալել են Ռաշիդ Բեգլարյանին,
ըստ նախնական տվյալների, հարբած է եղել և մոլորվել է։
Վերջին երեք տարիների ընթացքում սա
առաջին դեպքը չէ, որ ՀՀ և ԱՀ քաղաքացիները տարբեր հանգամանքներում հայտնվել են
Ադրբեջանի տարածքում․ գրեթե բոլորին ձերբակալել են և պահում են Բաքվի բանտում։ Իսկ
Ադրբեջանից Հայաստան անցած ադրբեջանցիներին հայկական կողմը ողջ և առողջ
վերադարձնում է: Բացառություն են, թերևս, Հայաստանի սահմանը հատելուց հետո ՀՀ
քաղաքացու սպանած զինծառայողները։ ABCmedia-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ
Համբարյանը նշեց, որ Ադրբեջանի ախորժակը գնալով ավելի է մեծանում.
«Ադրբեջանցիները ապացուցել են, որ երբ
ցանկանան, ինչ քանակությամբ ցանկանան հայ գերի կվերցնեն և ինչ ուզենան կանեն»,-
ասաց Համբարյանը:
Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալության
հանգամանքները դեռ հստակ չեն։ Անգամ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն, թե
ինչ է տեղի ունեցել իրականում։ Միայն որդին՝ Գևորգ Բեգլարյանը լրագրողների հետ
զրույցում նշել էր, որ հայրը, ամենայն հավանականությամբ, Հայաստան էր փորձում գալ։
ABCMedia-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ինքը ևս
չգիտի, թե ինչպես է Արցախի քաղաքացին հայտնվել թշնամու մոտ, բայց վստահ է, որ
Բեգլարյանը պատահական է հայտնվել այնտեղ.
«Շուշեցի է, պատերազմից հետո ապրում էր
Ասկերանում: Վերջին շրջանում ապրում էր Հին Շենում: Բացառում եմ Ադրբեջանի հետ
շփում ունենալու փաստը»,-նշեց պատգամավորը:
Իսկ Հայաստանում պետական կառույցները
չեն շտապում արձագանքել։ Միայն ՀՀ ՄԻՊ-ը մի քանի անգամ հանդես է եկել
հայտարարություններով։ Մեզ հետ զրույցում ՄԻՊ մամուլի քարտուղար Արթուր Ասլանյանը
ասաց.
«Ադրբեջանական կողմում հայտնված
քաղաքացիների դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության
ներքո, ստեղծված իրավիճակների առնչությամբ քննարկումներ են իրականացվում
միջազգային գործընկերների հետ: Պաշտպանը անընդհատ կապի մեջ է նաև ԼՂ գործընկեր
Գեղամ Ստեփանյանի հետ»,- ասաց Ասլանյանը:
Իսկ Արցախում իրավիճակը շարունակում է
մնալ լարված։