
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորի նկատմամբ քրգործ է հարուցվել․ նա գտնվում է Երևանում
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Յուրի Նապսոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ հայտնում է Коммерсант-ը։
Նա կասկածվում է 2023 թվականի մարտին՝ 19-ամյա օգնականի բռնաբարության մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մաս)։ Նապսոյին սպառնում է մինչև վեց տարվա ազատազրկում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել են, որ ենթադրյալ միջադեպից մի քանի օր անց՝ 2023 թվականի ապրիլի 1-ին, Նապսոն Մինսկից մեկնել է Երևան և այդ ժամանակվանից ի վեր չի վերադարձել Ռուսաստան։
2025 թվականի ապրիլին նա վաղաժամկետ զրկվել է պատգամավորական մանդատից՝ տարիներ շարունակ նիստերին չմասնակցելու պատճառով։
Նախկինում ՌԴ գլխավոր դատախազությունը դատարանի միջոցով բռնագրավել է Նապսոյի հետ կապված ավելի քան 1,2 միլիարդ ռուբլու արժողությամբ ակտիվներ՝ նրան մեղադրելով խորհրդարանական գործունեությունը գործարար շահերի հետ համատեղելու և կոռուպցիոն սխեմաների մասնակցելու մեջ։