
Ադրբեջանի թունավոր կառավարամետ լրատվամիջոցները չեն կարող համակեցություն ունենալ իրական խաղաղության հետ․ OC Media
Ադրբեջանի կառավարության լրատվամիջոցների զարգացման գործակալությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով երկրի մասին «կեղծ» լուրերի տարածումը։ Հայտարարությունում մեջբերվել են վերջերս վիրուսային տարածում գտած լուրերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը կհրաժարվի «Եվրատեսիլ» երգի մրցույթից, եթե Իսրայելի մուտքն արգելվի, և որ Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինային Սուդանի միջոցով․ գրում է Կովկասի հարցերի վրա կենտրոնացած OC Media-ի խմբագիր Նեյթ Օստիլերը։
Գործակալությունը պատմություններն անվանել է «ապատեղեկատվություն» և կոչ է արել «միջազգային հանրությանը, մեդիա ռեսուրսներին, լրագրողներին և հասարակական ակտիվիստներին սկզբունքային դիրքորոշում պահպանել նման դեպքերի հարցում»։
«Ադրբեջանում կառավարամետ լրատվամիջոցների աշխարհն ամենաթունավոր միջավայրերից է, որ ես երբևէ տեսել եմ», – գրում է հեղինակը՝ հավելելով, որ այն լի է ապատեղեկատվությամբ, դժգոհություններով և Բաքվի ենթադրյալ հակառակորդների վրա անվերապահ հարձակումներով, որոնք բոլորը համադրվում են Ադրբեջանի մասին լուրերով, որտեղ երկիրը նկարագրվում է որպես ուտոպիա, իսկ նրա առաջնորդները՝ որպես աստվածացված հանճարներ։
Հեղինակը նկատում է, որ նույն օրը, երբ գործակալությունը հրապարակել է իր հայտարարությունը, որում զգուշացնում էր ապատեղեկատվության վտանգների մասին, ադրբեջանական հայտնի կառավարամետ լրատվամիջոցներից մեկը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին ծավալուն «բացահայտում»։
Օստիլերը, հարցի վերաբերյալ ներկայացնելով նախապատմություն, նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը և դրա հետ կապված լրատվամիջոցները վաղուց ի վեր վիճում են Մակրոնի հետ։ «Իրականում բոլորը գիտեն, որ խնդրի աղբյուրը Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունն է», – գրում է Օստիլերը։
Ադրբեջանական լրատվամիջոցի հոդվածը վերնագրված էր «Մակրոնի սարսափելի տարին անխուսափելիորեն ավելի է վատթարանալու» և ներկայացնում էր ԱՄՆ-ում Հոլոքոստը ժխտող ամենահայտնի հակասեմական դավադրության տեսաբաններից մեկի՝ Քենդիս Օուենսի կարծիքը։
Ներկայում Օուենսը դատական վեճի մեջ է Մակրոնի հետ, քանի որ ինչ-ինչ պատճառներով պնդում է, որ Մակրոնի կինը՝ Բրիջիթը, իրականում տղամարդ է։ Նախկինում նա հայտարարել էր, որ Մակրոնը համասեռամոլ է և «ամուսնացած է տրանս տղամարդու հետ, որը մանկության տարիներին սեռական ոտնձգություններ է կատարել նրա նկատմամբ»։
Սա միակ դեպքը չէ. ադրբեջանական ԶԼՄ-ները պարբերաբար զրպարտում են Մակրոնին և Ֆրանսիային:
Այս նույն լրատվամիջոցները նաև տարածում են ապատեղեկատվություն ամերիկացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Կալիֆոռնիայի սենատոր Ադամ Շիֆի վերաբերյալ։
«Կրկին, Շիֆի նկատմամբ մոլուցքն, անկասկած, պայմանավորված է նրանով, որ նա համարվում է Հայաստանի կողմնակից», – գրում է խմբագիրը։ Նրա խոսքով՝ հեգնական է, բայց եթե ադրբեջանական ԶԼՄ-ն անհանգստանար իր տնային աշխատանքը կատարելու համար, կպարզեր, որ Քենդիս Օուենսը նույնպես Հայաստանի կողմնակից է և պարբերաբար քննադատել է Ադրբեջանին։
«Այս տարօրինակ զրպարտչական արշավներն առողջ մեդիա էկոհամակարգի նշան չեն և համոզիչ ապացույց չեն այն բանի, որ երկիրն ակնհայտորեն կենտրոնացած է խաղաղության վրա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը և հայտարարել, որ հակամարտությունն ավարտված է։ Ժամանակն է, որ ադրբեջանական լրատվամիջոցները դա արտացոլեն», -եզրափակում է հոդվածագիրը։