
Մենք ջանքեր ենք գործադրում խաղաղության հասնելու բոլոր տարածաշրջաններում, առաջին հերթին՝ մեզ շրջապատող հակամարտության գոտիներում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Անկարան մտադիր է շարունակել ջանքերն Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար․ հայտնում է РИА Новости-ն։
Գործակալությունը հիշեցրել է, որ Էրդողանի վարչակազմն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի առաջնորդները Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկել են էներգետիկ, առևտրային և տարածաշրջանային հարցեր։
«Եկեք նայենք Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությանը։ Կարծում եք՝ միայն այս երկու երկրնե՞րն են կորուստներ կրում։ Ընթացքի մեջ է մի գործընթաց, որը կորուստներ է պատճառում բոլորին… Մենք գիտենք այս ճշմարտությունը, ուստի՝ ուզում ենք, որ պատերազմներն իրենց տեղը զիջեն խաղաղությանը, իսկ հակամարտությունները՝ հանգստությանը և կայունությանը։ Իհարկե, պատերազմ սկսելը հեշտ է, բայց այն ավարտելը՝ դժվար։ Հետևաբար, մենք ջանքեր ենք գործադրում խաղաղության հասնելու բոլոր տարածաշրջաններում, առաջին հերթին՝ մեզ շրջապատող հակամարտության գոտիներում», – Վաշինգտոնից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարայի ջանքերն «ապարդյուն չեն եղել»։
«Սևծովյան հացահատիկի միջանցքը, գերիների փոխանակումը և Ստամբուլում բանակցություններն այդ արդյունքներից մի քանիսն են… Մենք՝ Թուրքիան, կշարունակենք մեր պայքարը մինչև արյունահեղության ավարտը», – ընդգծել է Էրդողանը։
Ռուսաստանը և Ուկրաինան Ստամբուլում ուղիղ բանակցությունների երեք փուլ են ունեցել։ Դրանց արդյունքում կատարվել է գերիների փոխանակում։ Ռուսաստանը Կիևին է հանձնել նաև զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Կողմերը փոխանակվել են հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։