
Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը` գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի արժեհամակարգային մոտեցումներն էին․ Տիգրան Աբրահամյան
44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել․ գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017–2020թթ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմի անմիջական վտանգի դեպքում, պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում:
Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում:
Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ մոտիկից համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից:
Երբ պահեստազորի` նախապես հաստատված պլանների փոխարեն իրականացվում է ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը: Իսկ զորքը համալրելու փոխարեն ընտրվում է անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:
«Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը` պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի գաղափարական, արժեհամակարգային մոտեցումներն էին, որոնց պարագայում այս պատերազմը չսկսված՝ արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր»,– եզրափակել է նա: