
Ինչպես գոյատևել այս դժվարին ժամանակներում․ Լուկաշենկոն ասել է՝ ինչ են քննարկել ինքն ու Պուտինը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ քննարկել են ստեղծված իրավիճակում համատեղ գործողություններն ու քայլերը, ինչպես նաև, թե «ինչպես գոյատևել այս դժվարին ժամանակներում»։
РИА Новости–ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն մեկնաբանել է նախորդ օրը Կրեմլում Ռուսաստանի նախագահի հետ ժամեր տևած բանակցությունները։
«Մենք մտածում էինք, թե ինչպես կարող ենք գոյատևել այս դժվարին ժամանակներում», – ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ համաշխարհային իրավիճակը ստիպում է նույնիսկ հսկայական, ռեսուրսներով հարուստ երկրներին, ինչպիսին է Ռուսաստանը, վերանայել գործողությունների ընթացքը, չհաշված Բելառուսի նման փոքր երկրները, որտեղ ավելի կարևոր է արդյունավետ աշխատել՝ զարգանալու և սեփական հողում ապրելու համար։
«Աշխարհը բաժանված է կտորների, պատառոտված. սա իմն է, իսկ սա իմն է։ Եվ սկսում են խեղդել։ Մեզնից պոկ չեն գա։ Իսկ ես ձեզ պետք է համոզեմ աշխատել», – նշել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է աշխատանքի և կարգապահության կարևորությունը տնտեսական զարգացման համար։
«Ավելի լավ է հողը մշակել, քան պատերազմել։ Հետևաբար, եկեք աշխատենք տնտեսություն ունենալու համար։ Եվ պետք է երկաթյա լինի կարգապահությունը։ Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որտեղ բոլորը կարգապահ են. եթե դուք ասում եք դա, ապա պետք է անեք դա։ Ավելին պետք չէ։ Պարզապես արեք դա», – բացատրել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հինգշաբթի և ուրբաթ օրերին աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանում: Հինգշաբթի նա մասնակցել է Մոսկվայում կայացած Ատոմային էներգիայի համաշխարհային ֆորումին: Հաջորդ օրը Բելառուսի նախագահը ժամանել է Կրեմլ՝ իր ռուս գործընկերոջ հետ բանակցություններ վարելու: