
2020-ի աշունը մեզնից խլեց Բենոյին. խոցվեց նրա հրետանին
Դուք իմ փոխարեն մի որոշեք՝ ծառայե՞մ ես, թե՞ ոչ․․․Սովորաբար հանգիստ բնավորության տեր Բենիամինը՝ Բենոն, բարկանում էր, երբ քննարկում էինք իր ծառայության հարցը. տանն էլ այդ մասին չէին խոսում, Բենոն չէր թողնում։
Մենք ծանոթացել էինք 2017 թվականին Վանաձորում։ Այնտեղ էինք բակային ճամբարի շրջանակում. վարիչներ էինք, կամ, ինչպես ընդունված է ասել՝ ջոկատավարներ։ Ինքներս անփորձ էինք այդ գործում, բայց մեզ վստահել էին ու, կարծում եմ, հաջողեցինք։ Հաջողեցինք, որովհետև ընդհանուր էին մեր գաղափարները, նպատակները, ճաշակն ու, ինչպես հետագայում պարզվեց, անցնելու ճանապարհը։ Կարճ տևեց իմ և Բենոյի ճանապարհը, բայց այդ կարճ ժամանակում դարձանք մտերիմներ, հետո` ընկերներ:
Դեռ Վանաձորում սկսեցին մեր խենթ ու խելառ օրերը․ ես 19 տարեկան էի, Բենոն՝ 17։ Մեր ընկերախմբում այլ անդամներ էլ կային, բայց մտերիմ էինք հատկապես 3-ով՝ ես, Բենոն ու Գեղարդը: Ընկերական մեր այս շրջանը հետո մեծացավ, երեքից դարձանք վեցը․․․ինչպես մեծացավ, այդպես էլ պիտի սեղմվեր այդ օղակն ու տարիներ անց մենք պիտի պակասեինք:
Վեց երիտասարդ, որոնց միացրել էր հայրենիքի հանդեպ մեծ սերն ու նվիրումը, պիտի անցնեին մի ամբողջ կյանք ու կռիվ։
Հետո լրացավ մեր խենթ ընկերության երրորդ տարին։ Այս տարիներին հասցրել էին անել անհնարինը, օրինակ՝ փախչել սրճարանից, որի ճաշացանկը ուսանողներիս համար թանկ էր թվացել, շրջել էինք Հայաստանով մեկ, ես ամեն առիթի հասցրել էի ինչ-որ ուտելիք թափել Բենոյի հագուստի վրա, Բենոն ու Գեղարդը հասցրել էին յարխուշտա պարել դրսում՝ առանց երաժշտության, մեկը մյուսին շալակած տանել։
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադում ազգագրական պարերի դասերի էինք գնում, հավաքվում էինք մեր մշտական հավաքատեղիում ու 17-20 տարեկան պատանիներով քննարկում էինք ազգային, քաղաքական, անգամ աշխարհաքաղաքական հարցեր։ Նպատակները, ծրագրերը, երազանքներն ու մեր կյանքերը կապված էին մեր մի բուռ հայրենիքի հետ։ Մեզ համար ոչինչ անհնարին չէր․․․ի՞նչ է եղել որ, Մասիսն էլ տուն կբերենք, Ադանան էլ կազատագրենք․․․վիճում էինք՝ ով, ինչով պիտի աջակցի՝ նպատակներին հասնելու համար։ Այս վեճում տղաներն էին հաղթում, դե իրենք շուտով ծառայության պիտի մեկնեին։ Սփյուռքահայ Գեղարդը Հայաստանի քաղաքացիություն ստացավ, որ պարտադիր մեկնի ծառայության։ Դե Բենոն Արցախում էր ծնվել, Արցախ էլ մեկնեց ծառայության․․․
Մեր ընկերության մեջ ամեն մեկս մեր դերն ու տեղն ունեինք, մեր պարտականությունները։ Բենոն մեր ընկերության հաշտարարն էր։ Ես ու Գեղարդը շատ էինք վիճում. տաքարյուն երիտասարդ էր, ի՞նչ անենք մեր ընկերն է։ Բենոն միակ մարդն էր, որ սաստում էր նրան։ Դե Բենոն միշտ իմ կողմից էր․․․
Բենոն ու Գեղարդը զորակոչվեցին բանակ ու հաղթեցին հայրենիքին օգտակար լինելու մեր վեճը։ Այդ ընթացքում մենք՝ աղջիկներս, գլուխներս բարձր շարունակում էինք այն, ինչ անում էինք մինչև տղաների բանակ զորակոչվելը։
Կյանքն առաջվա պես էր ընթանում։ Ծառայության ընթացքում Բենոն կարողացավ մի քանի անգամ արձակուրդ գալ, հանդիպեցինք, հիշեցինք անցած օրերը։ Նա չէր փոխվել, ծառայությունը նրան չէր փոխել, չուներ դրա կարիքը։ Բենոն միշտ ավելի խորն է մտածել, ավելի հեռուն է տեսել, քան իր հասակակիցները։
Երկուսն էլ հաճախ էին զանգում, հետաքրքրվում մեր որպիսությամբ, անելիքներով, հոգսերով։
2020 թվականի աշունը խլեց մեզնից Բենոյին։ Բենոն գնաց՝ իր հետ տանելով մեր ընկերության ամրությունն ու ընդհանուր երազանքները։ 44-օրյա պատերազմի մեկնարկից գրեթե մեկ ամիս անց անօդաչուի թիրախում հայտնվեց հրետանավոր Բենյամին Նալբանդյանը․ խոցվեց Բենոյի զենքը։ Կիսատ մնացին մեր երազանքները, կորցրինք իմ, Բենոյի, Գեղարդի՝ մեր Արցախը։
Գեղարդն ու ես հաճախ ենք գնում Բենոյի շիրիմին։ Լռում ենք. ես, սովորաբար, արտասվում եմ, Գեղարդը պինդ է, ցույց չի տալիս էմոցիաները։ Միայն մեկ անգամ եմ նրան լացելիս լսել, երբ պատերազմի դաշտում իմացավ Բենոյի զոհվելու լուրը։ Հեռախոսից այն կողմ լսածս նախադասությունը մինչև այսօր հիշում եմ. «Առանց ինձ իմ մանկության ընկերոջը հրաժեշտ եք տվել»։
Սեդա Մակարյան