
Մայա Սանդուի եվրոպամետ կուսակցությունը հաղթում է Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողությունների և համերաշխության» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 50%-ը․ հայտնում է meduza.io–ն։
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրատեղամասերի արձանագրությունների 99.65%-ի մշակումից հետո Սանդուի կուսակցությունը ստացել է ձայների 50.06%-ը։
Նախկին նախագահ Իգոր Դոդոնի ընդդիմադիր «Հայրենասիրական ընտրական դաշինքը», որը պաշտպանում է Ռուսաստանի հետ մերձեցումը, ստացել է ձայների 24.25%-ը։
Չափավոր եվրոպամետ «Այլընտրանք» կուսակցությունը զբաղեցրել է երրորդ տեղը (7.98%), իսկ պոպուլիստական «Մեր կուսակցությունը»՝ չորրորդը (6.21%)։
Բացի այդ, խորհրդարան է անցել «Ժողովրդավարություն տանը» կուսակցությունը (5.63%), որը պաշտպանում է Մոլդովայի միավորումը Ռումինիայի հետ։
Ընտրողների մասնակցությունը կազմել է 52%։ Ընտրություններին մասնակցել է տասնչորս կուսակցություն, չորս դաշինք և չորս անկախ թեկնածու։