
ՀԱՊԿ-ն կհամաձայնեցնի նոր տեսակի սպառազինությունների կիրառման հարցը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները համատեղ կհակազդեն ռազմական հակամարտություններում նոր տեսակի զենքերի կիրառումից բխող սպառնալիքներին։ Սա ենթադրում է միջպետական համագործակցություն այդ զենքերի ուսումնասիրության, տեղեկատվության փոխանակման և օգտագործման գործում։ Այս մասին համաձայնագիրը նախատեսվում է քննարկել հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում․ Известия-ի հետ զրույցում նշել է հանձնաժողովի ղեկավար Անատոլի Վիբորնին։
«Ներկայում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեր հարևանների դեմ օտարերկրյա հետախուզական ծառայությունների, ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների հետախուզական և դիվերսիոն գործունեությունն ակտիվացել է։ Մեզ համար կարևոր է սերտորեն համագործակցել և փոխանակել տեխնոլոգիաներ, նորագույն զենքերի վերաբերյալ փորձագիտական ու հետախուզական տվյալներ՝ վտանգներից մեկ քայլ առաջ լինելու համար», – բացատրել է խորհրդարանականն՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանները, համապատասխան մարմինների հետ միասին, համակարգում են իրենց գործողությունները։
Известия -ն ծանոթացել է «ՀԱՊԿ անդամների միջև նոր տեսակի զենքերի և տեխնոլոգիաների կիրառման գործում համագործակցության մասին մոդելային համաձայնագրի» վերջին տարբերակին։ Փաստաթղթում կազմակերպության անդամները վերահաստատում են իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին (ՄԱԿ-ի կանոնադրություն, Ժնևի կոնվենցիաներ, ինչպես նաև ԱՊՀ և ՀԱՊԿ պայմանագրեր): Համաձայնագրում հատուկ շեշտադրվում է «նոր տեսակի զենքեր» հասկացության սահմանումը։ Առաջարկվում է սահմանել որպես «զինված հակամարտության ժամանակ թշնամուն հաղթելու համար նախատեսված սարքեր և առարկաներ, ինչպես նաև ժամանակակից և ապագա գիտատեխնիկական առաջընթացի համակարգեր և գործիքներ, որոնք օգտագործվում են որպես պատերազմի միջոցներ, ներառյալ ոչ մահացու, հոգեֆիզիկական և թշնամու վրա այլ ազդեցությունները՝ նրան խաղաղության պարտադրելու համար»։