ֆրանսիացի օրենսդիրները կոչ են արել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ
Ավելի քան 60 ֆրանսիացի սենատորներ և պատգամավորներ կոչ են արել նախագահ
Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա
ռեժիմի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փորձի համար։ Օրենսդիրների կոչը
տպագրել է Le Monde պարբերականը։
Արցախին գործնական
աջակցություն ցուցաբերելու կոչը հեղինակել են Ժիլբեր-Լյուկ Դևինազն ու Պիեռ
Ուզուլիասը և ստորագրել են 59 այլ օրենսդիրներ:
«Հայկական Լեռնային Ղարաբաղը անհետացման եզրին է։ Լեռնային Ղարաբաղը, որը
ներկայացնում է Հարավային Կովկասում այն, ինչ մենք պնդում ենք, որ մարմնավորում
ենք, ավելիին է արժանի, քան անփույթ հայացքը։ Նա պարզապես արժանի է իր
քաղաքացիների ինքնորոշման իրավունքն իրագործելուն։ Սա արդարացնում է Ֆրանսիայի
դերն ու գործունեությունը տարածաշրջանում, հաստատում է մեր երկրի
գործողությունների օրինականությունը, և բռնի օկուպացիան որևէ կերպ չի կարող կասկածի
տակ դնել նրա գոյությունը», – նշել են պատգամավորներն ու սենատորները։
Ֆրանսիացի օրենսդիրները հիշեցրել են նաև Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի
նամակը իր կնոջը, որում կյանքից հեռանալուց առաջ նա նշել էր, որ չի ատում
գերմանացի ժողովրդին և որ ամեն ոք կստանա այն, ինչին արժանի է։
«Մենք խնդրում ենք Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և նրա
ռեժիմի դեմ՝ առանց որևէ ատելության նրա ժողովրդի նկատմամբ, որպեսզի հայերն ու
ադրբեջանցիները վերջապես կարողանան գոյակցել խաղաղության և եղբայրության մեջ
Հարավային Կովկասում, որտեղ նրանք ապրում են կողք կողքի», – ասված է հայտարարության մեջ։
Օրենսդիրները հավելել են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փորձում է ոչ
միայն գոյատևել Հարավային Կովկասում, այլև մարմնավորել ժողովրդավարական արժեքները,
որոնք Ֆրանսիան համարում է իր սեփական արժեքները։
«Մինչդեռ մենք այս կապակցությամբ որևէ քայլ կամ աջակցություն չենք նախաձեռնել
Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների փորձերին դիմակայելու համար»,- եզրափակել են
ֆրանսիացի օրենսդիրները։