
Ինչո՞վ է բացատրվում երիտասարդների մոտ քաղցկեղի հայտնաբերման դեպքերի աճը
Քաղցկեղի որոշ տեսակներ, որոնք նախկինում հիմնականում ախտորոշվում էին տարեցների մոտ, այժմ ավելի հաճախ են հայտնաբերվում 50 տարեկանից փոքր մարդկանց մոտ․ գրում է Euronews–ը։
ԱՄՆ կառավարությունն այս տարվա սկզբին հրապարակել է հետազոտություն, որտեղ ուսումնասիրվել է 2010-2019 թվականների ընթացքում 15-49 տարեկան մարդկանց մոտ ախտորոշված ավելի քան երկու միլիոն դեպք։
Ըստ հետազոտության՝ քաղցկեղի 33 տեսակներից 14-ի դեպքում աճող ցուցանիշներ են գրանցվել առնվազն մեկ երիտասարդ տարիքային խմբում, ընդ որում՝ վաղ տարիքում ախտորոշման դեպքերի մոտ 63 տոկոսը հանդիպել է կանանց մոտ։
Մեկ այլ ուսումնասիրության համաձայն, չնայած քաղցկեղի ախտորոշման ցուցանիշները 1992 թվականի համեմատ մոտավորապես կրկնապատկվել են, մահացության մակարդակը մնացել է զգալիորեն կայուն։ Սա ենթադրում է, որ գրանցված դեպքերի աճը մեծապես արտացոլում է հիվանդությունների հայտնաբերման աճը, այլ ոչ թե կյանքին սպառնացող հիվանդությունների իրական աճը։
Օրինակ՝ վահանաձև գեղձի և երիկամների քաղցկեղի ախտորոշման ցուցանիշները կտրուկ աճել են՝ առանց համապատասխան հիվանդությունների մահացության աճի։
50 տարեկանից փոքր կանանց մոտ վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը շատացել են, սակայն մահացությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում կիսով չափ նվազել է՝ բուժման մեթոդների բարելավման շնորհիվ։
Այնուամենայնիվ, կան որոշ բացառություններ․ հաստ աղիքի և էնդոմետրիումի քաղցկեղները ցույց են տվել մահացության փոքր, բայց հաստատուն աճ։
Նշվում է, սակայն, որ քաղցկեղի ուսումնասիրված մյուս տեսակների մեծ մասի դեպքում ախտորոշման աճը, կարծես, հիմնականում ավելի ճշգրիտ հայտնաբերման մեթոդների արդյունք է՝ ներառյալ սկրինինգը, պատկերագրական հետազոտությունը և պատահական հայտնաբերումները։