Ընդդիմությունը չի պատրաստվում Դավիթ Տոնոյանի կոչով մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին
Պաշտպանության նախկին նախարար, կալանավորված Դավիթ Տոնոյանն այսօր
ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ընդդիմադիրներին կոչ արեց մասնակցել գոնե դռնփակ նիստին,
քանի որ ունի ասելիք, որը, նախկին պաշտոնյայի խոսքով, կհետաքրքրի ընդդիմադիրներին։
«ԱԺ-ում ստեղծված Քննիչ հանձնաժողովի, որն
իրականում քննիչ չէ, այլ պատերազմի հանգամանքները կոծկող հանձնաժողով է, աշխատանքներին
մասնակցելու վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտարարել ենք ի սկզբանե ու դա փոփոխման
ենթակա չէ»,- ABC Media-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական
պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Պատգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ քննիչ հանձնաժողովին չմասնակցելը
հիմնավորվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չեն կարող քննել իրենց իսկ թիմի
գործունեությունը և դա անել անաչառորեն։
«Մեր մասնակցությունը կամ չմասնակցությունը
պայմանավորված չէ քննիչ հանձնաժողովում ներկայացող պաշտոնյաներով»,-նշեց Վարդանյանը։
Անդրադառնալով Տոնոյանի բուն հայտարարությանը՝
պատգամավորը հավելեց․
«Չեմ կարծում, որ Դավիթ Տոնոյանն այն մարդն
է, որը կարող է ուլտիմատումով խոսել Դաշնակցության հետ։ Լավ կլինի, որ պատասխանի, թե
արդյո՞ք ինքը նույն կարծիքին է, ինչ պատերազմից անմիջապես հետո հնչեցրած իր տեսակետն
էր, որով պաշտպանում և ամբողջապես արդարացնում էր Նիկոլ Փաշինյանին։ Եթե որևէ բան ունի
ասելու, կարծում եմ, որ դրա հնարավորությունները և տարբերակներն ունի։ Սա ավելի շատ
նմանվում է հանձնաժողովի աշխատանքները լեգիտիմացնելու և Նիկոլ Փաշինյանի արդարացմանը
նպաստելու տակտիկայի, քան հանձնաժողովում անաչառ տեսակետ արտահայտելու»։
Վարդանյանի խոսքով՝ Տոնոյանը, ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին
անդրադառնալու փոխարեն, պետք է շատ այլ հարցերի մասին խոսի։ «Լավ կանի, որ դրանց պատասխանի՝
նշելով իրական մեղավորներին, ոչ թե մասնակցի այդ մեղավորներին արդարացման գործին»,-եզրափակեց
պատգամավորը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ
Մամիջանյանն էլ ABC Media-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Տոնոյանի հայտարարությունը՝
նշելով, որ իրենք արդեն երկու անգամ պաշտոնական հայտարարությամբ հայտնել են քննիչ հանձնաժողովին
իրենց չմասնակցելու որոշման մասին։ Պատգամավորի խոսքով՝ իրենց որոշման մեջ ևս ոչինչ
չի փոխվել․ չեն պատրաստվում ներկայանալ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի
նիստերին։