
Լոս Անջելեսում հանցախմբի հայ ղեկավարին սպանելու փորձի գործով 5 մարդ է ձերբակալվել. Fox 11
Լոս Անջելեսում ձերբակալվել է ավազակախմբի հինգ ենթադրյալ անդամ՝ պատվիրված սպանության փորձ կատարելու գործով։ Մեղադրողները պնդում են, որ կասկածյալները դավադրություն են կազմակերպել՝ փորձելով սպանել կազմակերպված հանցախմբի հայ առաջնորդին՝ իշխանության համար պայքարի ֆոնին․ գրում է Fox 11 Los Angeles-ը։
Ինչպես նշվում է, բոլոր հինգ կասկածյալները կալանավորված են, և եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հինգ կասկածյալներից չորսը կապված են պատվիրված սպանության ենթադրյալ դավադրության հետ։ Բացի այդ՝ առանձին գործով ձերբակալված 49-ամյա անձը մեղադրվում է 2023 թվականի օգոստոսին Վահան Հարությունյանի վրա կրակոցներ արձակելու համար, որը ներկայում դաշնային կալանքի տակ է առևանգման մեղադրանքով։
Դեպքի վայրում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հինգ հրազեն, մեկ խլացուցիչ, հրազենի մասեր և ավելի քան 1000 փամփուշտ:
Դատարանի գրառումների համաձայն՝ հայկական կազմակերպված հանցախումբը ռուսական և մեքսիկական մաֆիայի հետ կապեր ունեցող միջազգային հանցավոր կազմակերպություն է, որը Լոս Անջելեսի շրջանը համարել է ԱՄՆ-ում իր գործողությունների կենտրոնը։
Իշխանությունները հայտնել են, որ խմբի ներսում երկու տեղական առաջնորդների միջև իշխանության համար պայքար է ընթանում 2022 թվականից ի վեր։
Արդարադատության նախարարությունը հոլիվուդաբնակ 47-ամյա Ռոբերտ Ամիյանին նույնականացրել է որպես առաջնորդներից մեկը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա հարձակման և սպանության փորձի թիրախ է դարձել մրցակից առաջնորդ 41-ամյա Արա Արտունիի կողմից։ Երկու տղամարդիկ էլ գտնվում են դաշնային կալանքի տակ
Ամիյանի դատավարությունը նախատեսված է սկսել դեկտեմբերին, իսկ Արտունիի դատավարությունը՝ 2026 թվականի օգոստոսին։