
ՀՕՄ-ի նախաձեռնությամբ արցախցի 10 ընտանիք Շիրակում ստացավ նոր տներ
Հայ Օգնության Միության (ՀՕՄ) «Յոյսի օճախ» ծրագրի շնորհիվ Շիրակի մարզում արդեն 10 արցախցի ընտանիք ապահովվել է նոր տներով։ Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի փետրվարին՝ նպատակ ունենալով օգնել տեղահանված արցախցիներին մնալ Հայաստանում և զբաղվել հողմշակությամբ։
ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանի խոսքով՝ ծրագիրը մեծ արձագանք է գտել սփյուռքում․ տարբեր կառույցներ և անհատներ ֆինանսական աջակցություն են տրամադրել տներ գնելու և դրանք վերանորոգելու համար։
«ՀՕՄ-ը ծնվել է հայ ժողովրդի միջից և միշտ ձգտում է օգտակար լինել իր ժողովրդին։ Այս վերջին տարիներին, երբ արցախցիները բռնի տեղահանվելուց հետո հաստատվեցին Հայաստանում, մենք չցանկացանք, որ այստեղից էլ արտագաղթեն ու ցրվեն։ Փորձեցինք մի ձև գտնել, որպեսզի նրանք մնան հայրենիքում։ Մեր ընկերներից մեկը՝ Իվան Արտալճյանը, արդեն ծրագիր էր սկսել․ նա տուն էր գնել և նվիրել արցախցի մի ընտանիքի։ Այդ տունը նաև հողամաս ուներ։ Երբ նա իր գաղափարի մասին պատմեց ինձ, ես շատ հավանեցի այն։ Բնականաբար, մենք չէինք կարող այդ ծրագիրը միայնակ իրականացնել։ Դիմեցինք ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությանը, որը նույնպես շատ հավանեց գաղափարը և ասաց, որ սկսենք աշխատանքները»,-պատմել է Մարո Քեշիշյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի կայուն և վստահ քայլերով առաջ գնան, որոշեցին մինչև հոկտեմբեր առնվազն 10 ընտանիքի տուն տրամադրել, որպեսզի նրանք զբաղվեն հողագործությամբ և կառչած մնան հայրենի հողին։
«Ի դեպ, այս տարի լրանում է ՀՕՄ-ի 115-ամյակը։ Մենք հաջողեցինք։ Նախընտրեցինք Շիրակի մարզը, քանի որ այնտեղ կային մարդիկ, ովքեր կարող էին աջակցել։ Օրինակ՝ մեր Շրջանային վարչության քարտուղարուհին՝ Հռիփսիմե Նահապետյանը, 30 տարի ապրել է Շիրակի մարզում և շատ լավ գիտի մարզի բոլոր պետական առանձնահատկությունները։ Ախուրյանի նախկին համայնքապետ Արծրուն Իգիթյանն էլ մեզ աջակցեց։ Այսպես կարողացանք 10 ընտանիքի տուն տրամադրել, որպեսզի նրանք այնտեղ բնակություն հաստատեն»,- պատմել է Մարո Քեշիշյանը։
Նոր տները գնվել են Շիրակի մարզի Ախուրիկ, Բենիամին, Մեծ Սարիար, Բասեն և Հացիկ գյուղերում։ Արդեն վեց ընտանիք բնակություն է հաստատել, մյուսները առաջիկայում կտեղափոխվեն։ Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա հատուկ արարողություն, որի ընթացքում արցախցի ընտանիքներին կփոխանցվեն տների վկայագրերը։ Տները ամբողջությամբ նրանց կպատկանեն 10 տարի անց՝ պայմանով, որ ընտանիքները մշտապես ապրեն այդտեղ և մշակի տնամերձ հողատարածքները։
«Այս ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Մենք հավատում ենք, որ արցախցիները կառչած կմնան հայրենի հողին, իսկ մի օր էլ կվերադառնան Արցախ»,- ընդգծել է Մարո Քեշիշյանը։
ՀՕՄ-ը ծրագրում է նախաձեռնությունը շարունակել նաև այլ մարզերում, այդ թվում՝ Սյունիքում։