
Գիտության տոն մայրաքաղաքի սրտում. մեկնարկվել է «Գիտության շաբաթը»
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում մեկնարկվել է «Գիտության շաբաթ. Հայաստան 2025»-ը, որն անցկացվելու է «Զարգացնել գիտությամբ» խորագրի ներքո։ 6 օր շարունակ Երևանում և մարզերում դպրոցները, մանկապարտեզները, համալսարաններն ու գիտական հաստատությունները վերածվելու են գիտական հարթակների։
Ազատության հրապարակում ամեն օր կազմակերպվելու են ցուցադրություններ, փորձեր և խաղեր՝ նպաստելով գիտության հանրայնացմանը։
Այս նախաձեռնությանը երկրորդ տարին անընդմեջ միացել է նաև Երևանի Պետական Համալսարանը։ ԵՊՀ մամուլի խոսնակ և մարքեթինգային բաժնի ղեկավար Քնար Միսակյանի խոսքով` համալսարանի մասնակցությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանի գիտական արտադրանքի մոտ 1/3 մասը հենց ԵՊՀ-ում է գեներացվում։
«Մենք շատ կարևորում ենք հանրային հաղորդակցության բոլոր հարթակները, այդ թվում՝ գիտության փառատոնը, կարևորելով մարդկային ռեսուրսների շարունակական զարգացումը և նման հարթակները հենց դրան են նպաստում։ ԵՊՀ-ն այս գիտության շաբաթում ներկայացնելու է ՍԹԵՄ դպրոցը, ֆիզիկայի ինստիտուտը, կենսաբանության ֆակուլտետը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և այլն։ Տարբեր ստորաբաժանումներ այս օրերի ընթացքում կներկայացնեն իրենց գործունեությունը, իրենց հնարավորությունների մասին», – ասաց Միսակյանը։
Նրա խոսքով` դեռևս երիտասարդների շրջանում առկա են կարծրատիպեր գիտության մասին, սակայն «Գիտության շաբաթը» լավ հնարավորություն է ցույց տալու, որ գիտության ոլորտում կան բազմաթիվ ծրագրեր, որոնցում նրանք կարող են ներգրավվել։
«Գիտության շաբաթի» կազմակերպիչն է «Գիտուժ» նախաձեռնությունը։ EarlyOne ընկերության հիմնադիր և ԱՏՁՄ վարչության անդամ Գևորգ Սաֆարյանը կարևորեց, որ այս միջոցառումը համապատասխանում է նախաձեռնության առաքելությանը՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։
«Մենք այս միջոցառումը կազմակերպել ենք, որպեսզի հանրությանը՝ հատկապես երիտասարդներին օգնենք ճիշտ մասնագիտական կողմնորոշում ունենալ, ավելի մոտ լինել գիտությանը և հետագայում ընտրեն նաև գիտությունը, որպես իրենց մասնագիտություն և իրենց աշխատանքով ու գործունեությամբ հզորացնեն թե՛ գիտությունը, թե՛ Հայաստանը, թե՛ ընդհանրապես արժեք տան աշխարհին։ Այսօրվա մեր նպատակն է տարբեր գիտական ինստիտուտների և մեր գործընկերների օգնությամբ Հայաստանին ցույց տալ, թե ինչ կարևոր դեր ունի գիտությունն ու կյանքում ինչքան տարբեր ուղղություններ է այն ծածկում, ինչքան կարևոր խնդիրներ է լուծում։ Մեր նպատակն երիտասարդներին գիտության գաղափարով վարակելն է, որպեսզի իրենք շարունակեն իրենց հետագա գործունեությունն այս ոլորտում», – նշեց նա։
Սաֆարյանի խոսքով՝ անցած տարի «Գիտուժի» ստեղծումից հետո առաջին անգամ նկատվել է գիտնականների թվի աճ, ոչ թե անկում, ինչը վկայում է նման նախաձեռնությունների կարևորության մասին։
«Գիտության շաբաթը» ցույց է տալիս, որ գիտությունը միայն մասնագետների ներփակված դաշտ չէ. այն դառնում է հանրային տոն, որտեղ յուրաքանչյուրը կարող է տեսնել իր տեղը՝ սկսած մանկապարտեզից մինչև համալսարան։ Միջոցառման գլխավոր ուղերձն այն է, որ Հայաստանի ապագան հնարավոր է կառուցել միայն գիտության և կրթության հզոր հիմքերի վրա։