01 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կան հոգիներ, որոնք վերևում ավելի են պետք, քան այստեղ՝ մեր կիսատ աշխարհում․ մահացել է սոցցանցերից հայտնի փոքրիկ Գաբին

Կան հոգիներ, որոնք վերևում ավելի են պետք, քան այստեղ՝ մեր կիսատ աշխարհում․ մահացել է սոցցանցերից հայտնի փոքրիկ Գաբին

Սա ինձ համար անձնական մեծ կորուստ է, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում․ նման գրառում է արել Հայաստանի երեխաների առողջապահության հիմնադրանի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով սոցցանցերից հայտնի փոքրիկ Գաբիի մահվանը։

«Մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ: Անտանելի ծանր ու ցավոտ է կորուստը,  աննկարագրելի ուժեղ: Սա այն դեպքերից էր, որ դուրս էի եկել պրոֆեսիոնալիզմի սահմաններից ու շատ մտերմացել և՛ Գաբիի, և՛ իր հրաշալի ընտանիքի հետ»,-գրել է Մարտիրոսյանը։

Փոքրիկ աղջնակի համար դրամահավաք էր սկսվել դեռ տարիներ առաջ։ Անհրաժեշտ գումարը հավաքվել էր, նրան տեղափոխել էին արտասահման՝ բուժման։ Բուժման կուրսը ստանալուց հետո նա վերադարձել էր հայրենիք։ Դրամահավաք կազմակերպողներից մեկը հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանն էր, որն ամբողջ ընթացքում հանրությանը տեղեկացնում էր աղջկա առողջական վիճակի մասին։ Բուժումը տվել էր ցանկալի արդյունքը, Գաբին դպրոց էր գնում, սակայն վերջին ժամանակներում, ինչպես տեղեկանում ենք Աննա Հովհաննիսյանի սոցիալական էջից, աղջկա առողջական վիճակը կրկին վատացել էր։

«Քո Անյուտին երկնքում սպասի, գանձ, իմ լույս: Մեր հրեշտակն էլ անմարդկային ցավեր չի ունենա` ձեր աղոթքներն օգնեցին…»,-գրել է Հովհաննիսյանը՝ կից հրապարակելով իր և աղջնակի լուսանկարը։

Գաբիի անժամանակ մահվանն անդրադարձել է նաև «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը։

«Կան հոգիներ, որոնք վերևում ավելի են պետք, քան այստեղ՝ մեր կիսատ աշխարհում…Ախտորոշումներ կան, որոնք, ցավոք, անհաղթահարելի են, անգամ այսօրվա ժամ առ ժամ զարգացող բժշկության համար: Գաբին մոգական ուժով միավորեց բոլորին՝ վեր հանելով մեր լավ, բարի, ուժեղ կողմերը…Իր գործն արեց»,-գրել է Մանուկյանն ու ևս կցել իր և Գաբիի լուսանկարը։

6-ամյա փոքրիկի հոգեհանագիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-20:00–ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը՝ ժամը 13:00–ին նույն եկեղեցուց:

Ռազմագերիներ