
ՀՀ իշխանությունները չունեն բավարար կամք պաշտպանելու իրենց քաղաքացիներին․ իրավապաշտպաններ
Հայաստանի իշխանությունները չունեն բավարար կամք պաշտպանելու իրենց քաղաքացիներին։ Եթե Ֆրանսիայի քաղաքացուն ձերբակալում են, ամբողջ Ֆրանսիան նրա մեջքին կանգնած է, իսկ Հայաստանի դեպքում նման աջակցություն չկա․ այս մասին այսօր Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով հանրային քննարկմանն ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հավելեց, որ գերիներին բերելու մեխանիզմներ շատ կան՝ ԵԽԽՎ շրջանակում ունենք մեխանիզմներ, ՄԱԿ-ի շրջանակում։
«Սակայն խնդիրն այստեղ այն է, որ շատ դեպքերում այդ մեխանիզմների էֆեկտիվ գործարկման համար անհրաժեշտ պետության կողմից առաջնորդություն կամ աջակցություն է պետք»,– ասաց նա։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ն ներկայացնող Աննա Մելիքյանը նշեց, որ խնդիրը միայն հայտարարությունների մակարդակում է մնում. «Ոչ նախկինում, ոչ էլ հիմա խոսքից գործի ոչ մեկը չի անցնում։ Վստահության ամրապնդման միջոցներ չեն ձեռնարկվում, ինչը բացթողում է»։
Բաքվում ընթացող դատավարությունների վերաբերյալ Մելիքյանը շեշտեց, որ դրանց լուսաբանումը չափազանց կարևոր է միջազգային հանրության համար. «Հատկապես անգլալեզու տեղեկատվության տրամադրումը մշտապես թույլ է եղել Հայաստանի կողմից, ինչից օգտվում է Ադրբեջանը»։
Սահակյանն իր հերթին ընդգծեց, որ երբեմն ադրբեջանական լրատվամիջոցները միտումնավոր կեղծ տեղեկություններ են տարածում՝ թուլացնելու ապացույցների արժեքը։