26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Վագիֆ Խաչատրյանի կալանավորմանը

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Վագիֆ Խաչատրյանի կալանավորմանը

Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ
Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ
տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի
պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։

Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ
Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը
առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»:

Ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մարդասիրական տեղաշարժի
դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի
նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը:

«Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների
ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», ասված է պետքարտուղարության
արձագանքում:

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը
պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։
Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնորդվում է այս նպատակով», ընդգծել է ԱՄՆ
պետքարտուղարությունն իր պատասխանում: