
Իսրայելն առգրավել է Գազա օգնություն տեղափոխող 13 նավ. աշխարհի տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են
Իսրայելական ուժերը առգրավել են Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող Global Sumud նավատորմի 43 նավերից 13-ը․ գրում է Euronews–ը՝ հավելելով, որ մնացած 30 նավերը դեռևս շարժվում են դեպի անկլավ։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ առգրավված նավերի վրա գտնվող ակտիվիստները, այդ թվում՝ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը, անվտանգ են և տեղափոխվել են Իսրայել: Նշվում է, որ ակտիվիստները կարտաքսվեն առաջիկա օրերին, և որ իսրայելական ուժերին հրահանգվել է «չկիրառել բռնություն»:
Նավատորմի անձնակազմը բաղկացած է մոտ 500 ակտիվիստներից, այդ թվում՝ Գրետա Թունբերգից, Նելսոն Մանդելայի թոռ Մանդլա Մանդելայից, Բարսելոնայի նախկին քաղաքապետ Ադա Կոլաուից և մի քանի եվրոպացի օրենսդիրներից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից նավերի առգրավումը՝ այն որակելով որպես «ահաբեկչական գործողություն» և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։
Իտալական արհմիությունները ուրբաթ համընդհանուր գործադուլ են հայտարարել՝ ի նշան նավատորմի հետ համերաշխության, մինչդեռ չորեքշաբթի ուշ երեկոյան մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել նավերի առգրավման մասին հաղորդագրություններից հետո։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Անկարայում, Ստամբուլում, Բեռլինում և Բարսելոնայում։