
Ո՞ւմ օրոք է խաղաղություն եղել․ բանավեճ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին, թե հայ-թուրքական խնդրի պատճառը իրենց տեսակետներն են։
«Դուք պնդում եք, որ խնդիրը մեր մեջ է, մենք պետք է փոխենք հայեցակարգերը, մենք ենք հայ-թուրքական կոնֆլիկտի պատճառը։ Կբացատրե՞ք՝ ինչպես է ստացվել, որ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ կոնֆլիկտ ունի։ Հույների հետ հույների պատճառով է, Սիրիայի հետ՝ սիրիացու պատճառով է, Կիպրոսի հետ ու՞մ պատճառով է։ Կարո՞ղ է ամեն դեպքում ձեր թեզն է թուրքական, ու մեր պատճառով չի այդ կոնֆլիկը, իրենց պատճառով է։ Վաշինգտոնի փաստաղթղով մի՛ ստեք ժողովրդին, թե խաղաղություն եք բերել։ Մեկ տարի, հինգ տարի չկրակելը չի նշանակում, որ խաղաղություն է, ինչպես 2020-ից առաջ չկրակելը կամ քիչ կրակելը չէր նշանակում, որ 2020-ը չէր լինելու։ Եկեք պաշտոնական թվերը հանենք, տեսնենք՝ ո՞ւմ օրոք է խաղաղ եղել, ում՝ ոչ։ Երկրորդ նախագահի պաշտոնավարման 10 տարում 92 զոհ է եղել, սա պաշտոնական թիվ է։ Ձերը կարո՞ղ եք հանել՝ տեսնենք 7 տարում քանի զոհ ենք ունեցել»,-ասել է Վարդանյանը։
Վարդանյանի ելույթին հակադարձել է ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը։ «Քոչարյանի կառավարման տարիների զոհերի թվի մեջ գումարե՞լ եք հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ի զոհերը, ներառե՞լ եք ձեր կուսակցական Պողոս Պողոսյանին։ Ժողովրդավարությունից եք խոսում․ մարտի 1-ը ձեր առաջին համարի ժողովրդավարության պատկերացումն է»,-ասել է Հակոբյանը։