
Ո՞վ է նոր ընտրված ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որը չունի բարձրագույն կրթություն
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը, որը չի կարևորում բարձրագույն կրթություն ունենալը և որի թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, այսօր ընտրվեց 61 կողմ ձայնով։
Նորանշանակ Հռիփսիմե Հունանյանը ծնվել է 1982թ. օգոստոսի 17-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի «Բուժքույրական գործ» բաժինը։ Չնայած քննադատություններին, որ չունի բարձրագույն կրթություն, Հունանյանը վստահ է, որ միջին մասնագիտական կրթությունը բավարար է՝ ղեկավարի աշխատանք կատարելու համար։ Նա ընդգծում է, որ իր նկատմամբ քննադատություններով կասկածի տակ է դրվում միջին մասնագիտական կրթությունը, որին Հայաստանում տիրապետում է 16,500 բուժքույր, և առանց այդ օղակի՝ առողջապահությունը կաթվածահար կլինի։
«Իմ փոքրիկ կենսագրության հետևում թաքնված են տարիների դժվարություններ ու անխոնջ աշխատանք։ Թեև ես չեմ ունեցել բարձրագույն կրթություն, սակայն անընդհատ սովորել եմ և կատարելագործվել։ Հոգատարություն, սեր և հարգանք է թաքնված այս փոքրիկ կենսագրության մեջ»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։
2004-2007 թթ. նա աշխատել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բուժքույր, 2007-2011 թթ.՝ հերթապահության պատասխանատու, 2011-2018 թթ.՝ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, իսկ 2018-2021 թթ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր։
Ըստ Հռիփսիմե Հունանյանի՝ նա մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքական կյանքում։ 2015 թվականից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և եղել է կուսակցության հիմնադիր անդամներից մեկը։ 2021 թվականի հունիսի 20-ին Հունանյանն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։ Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է այն պատճառով, որ կուսակցության գաղափարները՝ այն ժամանակ և հիմա, իրեն հոգեհարազատ են։
Նա ամուսնալուծված է, ունի մեկ զավակ։