
ՀԱՄԱՍ-ը դեռևս խորհրդակցում է Թրամփի ծրագրի շուրջ, սակայն կպահանջի դրա վերանայում․ աղբյուր
ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իրեն ավելի շատ ժամանակ է պետք՝ Գազայում խաղաղության համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագիրը քննարկելու համար։ Այս մասին AFP-ի հետ զրույցում նշել է ՀԱՄԱՍ-ի անդամներից մեկը՝ անանունության սկզբունքով։
«ՀԱՄԱՍ-ը դեռևս խորհրդակցում է Թրամփի ծրագրի շուրջ։ Մենք տեղեկացրել ենք միջնորդներին և ասել նրանց, որ մեզ ավելի շատ ժամանակ է պետք», -նշել է նա։
The Guardian-ը, հղում անելով վերլուծաբաններին ու խմբին մոտ աղբյուրներին, գրել է, որ ՀԱՄԱՍ-ը կպահանջի Գազայի հատվածում հրադադարի առաջարկի հիմնական վերանայումներ, սակայն, հավանաբար, առաջիկա օրերին կընդունի այն որպես բանակցությունների վերսկսման հիմք։
Կահիրեում բնակվող Գազայից քաղաքագետ Մխայմար Աբուսադան նշել է, որ ՀԱՄԱՍ-ն այժմ պետք է «ընտրի վատի և վատագույնի միջև»։
Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Հյու Լովատը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի համար շատ դժվար կլինի անվերապահորեն ընդունել պայմանները։ «Դա հասկանալի է։ Տեքստում մանրամասներ չկան։ Բայց այդ դեպքում՝ Իսրայելը, Թրամփի վարչակազմը և, հնարավոր է, եվրոպացիները ՀԱՄԱՍ-ի դեմ կօգտագործեն ամեն ինչ», – նշել է նա։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 30-ին ընդգծել էր, որ ՀԱՄԱՍ-ը «երեք կամ չորս օր» ունի հարցը քննարկելու համար։
Ծրագրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պետք է զենքերը վայր դնի, իսկ ԱՄՆ-ն գործակցի արաբական և միջազգային գործընկերների հետ՝ «ժամանակավոր միջազգային կայունացման ուժ» տեղակայելու համար։ Այն նաև նախատեսում է, որ ՀԱՄԱՍ-ը որևէ դեր չի խաղա Գազայի կառավարությունում։
Կազմակերպության անդամներին կառաջարկվի համաներում՝ «խաղաղ գոյակցության» պարտավորություն ստանձնելու դեպքում, իսկ Գազան լքել ցանկացողներին կտրամադրվի անվտանգ ելք:
Ծրագիրը նախատեսում է նաև պաղեստինցի տեխնոկրատների անցումային կառավարության ստեղծում՝ Գազայի հատվածում առօրյա կյանքն ապահովելու համար, ինքնակառավարում, տեղահանված բնակիչների վերադարձ և երաշխիքներ, որ «Գազայի բնակիչները չեն վտարվի»: