
Եռաբլուր չայցելելով՝ պետական մակարդակով անարգում են զոհվածներին, հարվածում ԶՈւ-ին. Տիգրան Աբրահամյան
Այս տարի որևէ պաշտոնական պատվիրակություն չայցելեց Եռաբլուր, հարգանքի տուրք չմատուցվեց մեր հայրենիքի պաշտպանների հիշատակին. ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սա միայն բարոյականության խնդիր չէ: Այսպիսի իրադարձությունները բավականին ծանր հետևանքներ են ունենում հասարակության և առաջին հերթին Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա: Այն մարդիկ, ովքեր նույնիսկ նվազագույն մասով ճանաչում են Զինված Ուժերը, նրա զարգացումը և տիրապետում են զարկերակին, գիտեն, թե նմանատիպ իրավիճակները ինչպիսի ազդեցություն և բարոյահոգեբանական հարվածներ են հասցնում»,-ասել է նա:
Պատգամավորը հիշեցրել է, որ իշխանությունը խոսում է բանակում բարեփոխումների, ԶՈւ մարտունակության բարձրացման մասին, սակայն դա չի կարող տեղի ունենալ, քանի որ «պետական մակարդակով անարգում են բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կյանքն են տվել այս երկրի պաշտպանության համար»: