Ադրբեջանը նախապես տեղյակ է եղել և, առևանգելու ակնհայտ մտադրությամբ, Վագիֆ Խաչատրյանին բերել է իրենց մոտ․ Արման Թաթոյան
Բոլոր փաստերը հաստատում
են, որ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված․
գրել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան
Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ
Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ։
«Երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները
և Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը պահանջել են բացատրություններ և հարցազրույցը
տեղում իրականացնել ու փորձել են կանխել նրա տեղափոխումը, ադրբեջանական զինված ծառայողները
սպառնացել են ուժ գործադրել դստեր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից
մեկի նկատմամբ։
Ավելին, երբ վերջիններս փորձել են առաջ գալ
դեպի Վագիֆ Խաչատրյանը, ադրբեջանական մոտ 30 զինված ծառայողներ սկսել են առաջ են գալ
դեպի իրենց՝ զենքի բացահայտ ցուցադրումով»,-գրել է Թաթոյանը։
Նա տեղեկացրել է, որ այնուհետև, ադրբեջանցի
զինված ծառայողը 68-ամյա տղամարդուն հրելով դուրս է տարել, և նրան առանց որևէ բացատրության
տեղափոխել են անհայտ ուղղությամբ։
Թաթոյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Վագիֆ
Խաչատրյանի տեղափոխումը Հայաստան բուժման նպատակով համաձայնենցված է եղել ադրբեջանական
իշխանության հետ։ Այսինքն՝ ադրբեջանական կողմը, նախապես տեղեկացված լինելով և նրան
առևանգելու ակնհայտ մտադրությամբ, նրան խաբեությամբ է բերել իրենց մոտ։
«Դեպքից անմիջապես հետո մենք նշել ենք նաև,
որ տեղի ունեցածը պատերազմական հանցանք է։ Այն նախատեսված է 1949 թվականի օգոստոսի
12-ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակամարտությունների զոհերի
պաշտպանությանը վերաբերող արձանագրության (Արձանագրություն I, 8 հունիսի 1977 թ.)
37-րդ հոդվածով:
Ադրբեջանն այս հանցավոր արարքները կատարել
է միջազգային կանոնների բացարձակ խախտումով՝ կեղծիքով ու մոլորեցումներով»,-գրել է
Թաթոյանը։