25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի, ի՞նչ անել՝ ազգ մնալու համար․ Արմեն Աշոտյան

Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի, ի՞նչ անել՝ ազգ մնալու համար․ Արմեն Աշոտյան

«Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի» հանրային դիսկուրսը, որին անդրադառնալը
պարտադիր է տվյալ ձևակերպման ծայրահեղ վտանգավորության պատճառով: «Պետությունը՝ ընդդեմ
Հայրենիքի» հանրային դիսկուրսը պլանավորված արշավի ցայտուն օրինակ է, և դրան անդրադառնալը
պարտադիր է՝ ձևակերպման ծայրահեղ վտանգավորության պատճառով․ գրել է ՀՀԿ փոխնախագահ
Արմեն Աշոտյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրած իր հերթական հոդվածում։

«Պետությո՞ւն, թե՞ Հայրենիք» հարցադրումն ի սկզբանե կեղծ, իրականության
և գիտության հետ որևէ աղերս չունեցող հորինված հակադրում է, որին դիմում է վարչախումբը
պետության «հստակեցման» անվան տակ հայ ժողովրդի հայրենազրկման հերթական արարն ավարտին
հասցնելու համար: Այս նպատակին են ուղղված «կադաստրի վկայական», «29.800 քկմ», «վիրտուալ
պետություն» և այլ նույնատիպ զավեշտալի և տխմար ձևակերպումները։

Ցանկացած էթնոս, որ ձևավորվել է և գոյություն ունի որոշակի
աշխարհագրական տարածքում, որը ներծծված է այդ էթնոսի գործունեության պատմական, մշակութային,
հոգևոր, կենցաղային դրոշմներով, իր գոյությունն այդ տարածքում պահպանելու խնդիր ունի:
Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, և այդ գոյության պայքարում պետությունն
է ցանկացած ազգի՝ սեփական հայրենիքում վերարտադրվելու լավագույն միջոցը, ինքնակազմակերպման
գործիքը»,-գրել է Աշոտյանը:

Նա նշել է, որ դավաճանի կողմից հանրային դաշտ նետված շինծու հարցադրումը՝
«Պետությո՞ւն եք ուզում, թե՞ Հայրենիք», ունի  հստակ ու միանշանակ պատասխան.
«Հայրենիքը պաշտպանող Պետություն ենք ուզում»:

«Եթե պետությունը հրաժարվում է Հայրենիքի պահպանության իր թիվ մեկ
առաքելությունից, ապա այն դադարում է  կատարել իր հիմնական ֆունկցիան, և դադարում
է լինել տվյալ ժողովրդինը: Եվ այդ տեսակի անհայրենիք պետությունը կորցնում է իր պաշտպանիչ
նշանակությունը, խզում է կապն իր «սեփականատիրոջ»՝ այն ստեղծած ժողովրդի հետ՝ փաստացի
դառնալով անտեր, և Հայրենիքի պահպանությանը ծառայելու փոխարեն՝ դառնում է այդ Հայրենիքի
վերացման մամլիչ:

Անշուշտ, անպետություն Հայրենիքը և անհայրենիք Պետությունն ազգի
գոյության, մեղմ ասած, վատագույն մոդելներն են, սակայն, եթե առաջինի դեպքում ազգը դեռ
կարող է շանս ունենալ (հայ ժողովրդի պատմության օրինակով), ապա երկրորդի դեպքում ազգի
մոտալուտ չգոյությունը գրեթե երաշխավորված է»,-գրել է նա:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ անհայրենիք Պետության պարագայում առաջանում
է ևս մեկ մարտահրավեր: Եթե նման պետությունն այլևս քոնը չէ, ունիկալն ու միակը չէ,
եթե այն ընդամենը սոցիալ-տնտեսական միջավայր ապահովողն է, վերացական հանրային բարիքների
մատակարարն ու վերաբաշխողն է, ապա նման պետության քաղաքացու համար առաջանում են լայն
հնարավորություններ՝ առանց խղճի խայթի աշխարհի 198 նման պետական ապարատներից ընտրել
լավագույն «մատակարարին», լավագույն «օպերատորին»: Այսպիսով, ամբողջությամբ վերանում
են սեփական երկիրը լքելու և այլ պետության հերթական շահառու դառնալու վերջին բարոյահոգեբանական
արգելքները: Հայրենիքը մրցակիցներ չունի, պետությունն ունի:

Պետությունն ազգի մաշկն է, նրա արտաքին պատյանը, պաշտպանիչ շերտը,
արտաքին աշխարհի հետ ապահով հաղորդակցվելու միջոց, իսկ Հայրենիքը նրա միսն է և արյունը:
Մաշկազերծված Հայրենիքը խոցելի է, սակայն միայն մաշկ ունեցող, բայց մսից և արյունից
զրկված մարմինն էլ ոչ այլ ինչ է, քան «չուչել»:

«Հայաստանի Հանրապետություն» հասկացության մեջ Հայաստանը կդառնա
զուտ գեոլոկացիա՞, թե՞ կշարունակի լինել այդ պետության իմաստը, կախված է նախ և առաջ
հայ ժողովրդից: 1988թ. Ղարաբաղյան շարժումը հենց հայրենատիրական շարժում էր, շարժում
վասն Հայրենյաց: Եվ միայն 90-ականների սկզբին առաջ եկավ Հայրենիքը պաշտպանելու լավագույն
ձևը կիրառելու՝ նոր հայկական պետություն ստեղծելու գաղափարը:

Արցախը հանձնելով Ադրբեջանին և այդ դավաճանությունը հիմնավորելով
«ՀՀ-ն պահելու» անհրաժեշտությամբ՝ Փաշինյանը մեզ կրկնակի է հայրենազրկում. թե՛ ֆիզիկական,
թե՛ գաղափարական իմաստով: