06 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եկամուտների հայտարարագրման համակարգը պարզեցվում է. ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել

Եկամուտների հայտարարագրման համակարգը պարզեցվում է. ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվում է․ ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով այն փոփոխություններին, որոնք նախատեսվում է իրականացնել մինչև նոյեմբերի մեկը։

Թունյանի խոսքով՝ գործող կարգավորման համաձայն՝ ՀՀ քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի 1-ը մուտք գործեն էլեկտրոնային հարթակ և լրացնեն եկամուտների հայտարարագիրը։ Սակայն կառավարությունը նախատեսում է էական պարզեցումներ, որպեսզի գործընթացը դառնա առավել մատչելի և հարմարավետ հատկապես տարեցների և թոշակառուների համար։

«Այս պահին ունենք կարգավորում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է մինչև նոյեմբերի մեկն էլեկտրոնային ծրագրով մուտք գործեն եկամուտների հայտարարագրման համակարգի համապատասխան հարթակ և լրացնեն հայտարարագիրը։ Եկող տարի այդ շրջանակին կմիանան նաև մի քանի հարյուր հազար թոշակառուներ»,– նշել է պատգամավորը։

Թունյանի խոսքով՝ համակարգն ինքնաշխատ կերպով լրացնում է այն տվյալները, որոնք արդեն հասանելի են Պետական եկամուտների կոմիտեին, օրինակ՝ աշխատավարձերը կամ տեսանելի եկամուտները։ Քաղաքացին պարզապես կարող է հաստատել հայտարարագիրը կամ լրացնել այն լրացուցիչ տվյալներով, եթե ունի եկամուտներ, որոնք ՊԵԿ-ին դեռևս հայտնի չեն։

Միաժամանակ, նախատեսվում է փոփոխություն, որով քաղաքացին, եթե այլ եկամուտներ չունի և համաձայն է ՊԵԿ-ին տեսանելի տվյալների հետ, կարող է նույնիսկ մուտք չգործել համակարգ․ այդ դեպքում հայտարարագիրը կհամարվի լրացված և հանձնված՝ ՊԵԿ տվյալների հիման վրա։

«Եթե քաղաքացին կարծում է, որ ինքը որևէ այլ եկամուտ չունի, բացի ՊԵԿ-ին հասանելի տվյալներից, նա կարող է նույնիսկ մուտք չգործել համակարգ։ Այդ դեպքում նոյեմբերի մեկից հետո կհամարվի, որ հայտարարագիրը լրացված է և հանձնված՝ առանց լրացուցիչ գործողությունների»,– ընդգծել է Թունյանը։

Պատգամավորի խոսքով՝ նոր մոտեցումը փոխում է համակարգի «պատժիչ» տրամաբանությունը՝ այն դարձնելով մոտիվացիոն։

«Հայտարարագիր չլրացնելու համար փաստացի պատասխանատվություն չի լինի, սակայն սոցիալական կրեդիտներից, այդ թվում՝ կրթության և առողջապահության ծախսերի փոխհատուցումից, քաղաքացին կկարողանա օգտվել միայն այն դեպքում, եթե մուտք գործի և հաստատի հայտարարագիրը»,– ասել է պատգամավորը։

Նա հավելել է, որ ՊԵԿ-ին կտրվեն լրացուցիչ գործիքներ՝ ավելի ամբողջական տվյալներ հավաքագրելու համար․ օրինակ՝ քաղաքացիների համաձայնությամբ համակարգը կկարողանա բանկերից ստանալ տվյալներ ավանդներից ստացված եկամուտների վերաբերյալ և ինքնաշխատ կերպով լրացնել այդ բաժինը։

Թունյանի խոսքով՝ նախաձեռնությունը մշակվել է կառավարության հետ համատեղ և առաջիկայում կդրվի շրջանառության մեջ։

«Կփորձենք արտահերթ ռեժիմով ընդունել այս նախաձեռնությունը, որպեսզի այն ուժի մեջ մտնի մինչև նոյեմբերի մեկը և տարածվի ինչպես ապագա, այնպես էլ ընթացիկ հայտարարագրումների վրա»,– եզրափակել է պատգամավորը։

Ռազմագերիներ