
Շատ եք փոշմանելու, հաջորդ տարին կարող է շատ բարդ տարի լինել ձեզ համար. Ավինյանը՝ կառուցապատողներին
Կառուցապատողները պետք է իմանան, որ շինհրապարակները ոչ պատշաճ կահավորելու դեպքում, չեն ունենա այն արտոնությունները, որոնք կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին. գործակարգավարական նիստի ընթացքում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարի են դիտարկելու կառուցապատողների համար արտոնությունները, սակայն դրանից չեն օգտվի նրանք, ովքեր չեն պահպանի կանոնները:
«Ինչ վերաբերմունք կառուցապատողները կցուցաբերեն ավագանու որոշումների նկատմամբ՝ մասնավորապես ցանցերով և համապատասխան կահավորման մասերով, համապատասխան վերաբերմունք էլ ավագանին կցուցաբերի կառուցապատողների նկատմամբ։Հարգելի՛ կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրած փոշու կլանող ցանցերը, չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը, ձեր շինհրապարակի ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեր վրա: Շատ ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար այս առումով»,-ասել է Ավինյանը:
Նա հայտարարել է, որ սահմանված կահավորումը չունենալու, փոշու ցանցեր չտեղադրելու և քաղաքն աղտոտելու դեպքում խստորեն պատժվելու են այն պահին, երբ դիմեն շինթույլտվությունը երկարաձգելու, իսկ գրեթե բոլորը հասնում են այդ փուլին:
«Ով չպահպանեց Երևանի ավագանու ընդունած քաղաքականությունը շատ ու շատ փոշմանելու է»,-ասել է քաղաքապետը։